Թուրքիայում մեկնարկել են Լիբիայի շուրջ միջազգային բանակցությունները, որոնց ընթացքում Միացյալ Նահանգները հույս ունի ամրապնդել հարաբերությունները Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին իշխանության ղեկից հեռացնելու ուղղությամբ պայքար մղող ընդդիմադիր ուժերի հետ:
Լիբիայի հարցով կոնտակտային խմբի անդամները, որոնց թվում է նաև Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը, ուրբաթ օրն ուրվագծելու են այս պետության Անցումային ազգային խորհրդին տրամադրվող օգնությունն ավելացնելու ծրագրերը:
Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարին այս այցի ընթացքում ուղեկցող բարձրաստիճան պաշտոնատար անձանց համաձայն, Վաշինգտոնը կարող է ամրապնդել Անցումային ազգային խորհրդի հետ ունեցած իր հարաբերությունները` վերջինիս կողմից ուրբաթ օրը կայանալիք հանդիպման ընթացքում Լիբիայում ժողովրդավարական և թափանցիկ կառավարություն ձևավորելու մանրամասն ծրագիր ներկայացնելու դեպքում:
Ստամբուլում այս հանդիպման անցկացման ընթացքում Լիբիայի ապստամբների ուժերը գրոհել են երկրի արևելքում գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող Բրեգա քաղաքը:
Բրեգա քաղաքի մոտակայքում գտնվող Աջդաբիա քաղաքի բժշկական աղբյուրների համաձայն, բախումների արդյունքում սպանվել է ապստամբների ուժերի մարտիկներից մեկը, առնվազն հինգը վնասվածքներ են ստացել:
Լիբիայի կառավարության խոսնակի համաձայն, կառավարական ուժերը կասեցրել են ՆԱՏՕ-ի և Լիբիայի ուժերի կողմից իրականացրած համակարգված հարձակումը: Խոսնակ Մուսա Իբրահիմը հայտնել է լրագրողներին այն մասին, որ ընդդիմության մարտիկները, ՆԱՏՕ-ի օդային և ծովային ուժերի աջակցությամբ, հարձակում են իրականացրել Բրեգա քաղաքի ուղղությամբ: Նրա համաձայն, այս գրոհով ՆԱՏՕ-ն խախտել է Միավորված Ազգային Կազմակերպությունների կողմից դաշինքի քաղաքացիական անձանց պաշտպանելու նպատակով տրված մանդատը:
Իբրահիմի կողմից հաղորդված տեղեկությունները հնարավոր չէր անմիջապես ենթարկել անկախ գնահատման, սակայն «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության կողմից փոխանցված տեղեկությունների համաձայն, ապստամբների ուժերը գրոհել են Բրեգա քաղաքը ցամաքից և ծովից ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռների աջակցությամբ: