Ռուսաստանի հատուկ բանագնացը հայտարարել է, որ Մոսկվան Դամասկոսից իրական բարեփոխումներ իրականացնելու սպասելիքներ ունի: Միխաիլ Մարգելովն այս հայտարարությունն արել է Մոսկվայում սիրիացի ընդդիմադիր գործիչների հետ հանդիպելուց հետո:
Ընդդիմադիր ակտիվիստները կոչ են արել Ռուսաստանին ճնշումներ բանեցնել Սիրիայի նախագահ Բաշար Էլ Ասադի վրա, երկրում շարունակական բռնությունները դադարեցնելու նպատակով:
Ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը նշել է նաև, որ Ռուսաստանը լրջորեն մտահոգված է Սիրիայում ստեղծված իրավիճակով և չի ուզում որպեսզի Լիբիայի նմանությամբ` այս երկրում էլ քաղաքացիական պատերազմ սկսվի:
Մինչ այս Ռուսաստանը մերժել էր արևմտյան պետությունների նախաձեռնությամբ Միավորված Ազգերի Կազմակերպության անվտանգության խորհրդում քննարկվող բանաձևը, որով Սիրիայի իշխանությունները քննադատությունների էին ենթարկվում: