Մեծ Բրիտանիան կոչ է արել միջազգային հանրությանն ուժեղացնել ճնշումը Սիրիայի վրա՝ Համա քաղաքի ուղղությամբ արդեն երկրորդ օրը երկրի անվտանգության ուժերի կողմից չդադարող գրոհի պատճառով:
Արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը երկուշաբթի օրն ասել է, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության դեմ պետք է սահմանել ավելի խիստ պատժամիջոցներ՝ հավելելով, որ միջազգային հանրության կողմից ռազմական միջամտությունը կարող է իրականացվել «ոչ այնքան ուշ, որքան ենթադրվում է»:
Հեյգի համաձայն, Սիրիայի վրա ճնշումը պետք է ուժեղացնեն նաև արաբական պետություններն ու Թուրքիան:
Միացյալ Նահանգներն ու Եվրոպական Միությունը երկուշաբթի օրը քննադատել են Սիրիայի անվտանգության ուժերի կողմից քաղաքացիական անձանց նկատմամբ գործադրվող բռնությունները:
Ռուսաստանի իշխանությունները նույն օրը հայտնել են, թե տուժածների մեծ թվի մասին հաղորդագրություններն առաջացրել են իրենց մտահոգությունը, և կոչ են արել դադարեցնել բռնություններն ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ Սիրիայի պետական մարմինների ներկայացուցիչների նկատմամբ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը վրդովմունք է արտահայտել Սիրիայի ուժերի կողմից սեփական ժողովրդի նկատմամբ գործադրվող բռնություններով: Օբամայի համաձայն, «երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին սարսափելի հաղորդագրությունները վկայում են Սիրիայի նախագահ Ասադի կառավարության իրական պատկերի մասին»:
Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին խիստ քննադատության է ենթարկել Սիրիայում կիրակի օրն իրականացված բռնությունները՝ ասելով, որ «միջազգային և արաբական պետությունների մակարդակով Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ լռությունը բերում է ավելի մեծ թվթով սիրիացիների կյանքի կորստի»:
Հիշեցնենք, որ Սիրիայում խռովությունների էպիկենտրոն դարձած Համա քաղաքում կիրակի օրն իրականացված գրոհի ընթացքում զինծառայողները, տանկերի աջակցությամբ, կրակ են բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ՝ սպանելով առնվազն 80 մարդ:
Այլ գնահատականների համաձայն, կիրակի օրը գործած բռնությունների պատճառով զոհվել է մոտ 140 մարդ:
Այս հաղորդագրությունները շատ դժվար է ենթարկել անկախ փորձաքննության, քանի որ Սիրիայի իշխանությունները թույլ չեն տալիս օտարերկրյա լրագրողներին ներկա գտնվել խռովությունների վայրերում:
Դեպքի վայրում ներկա եղած ակտիվիստների համաձայն, ամբողջ քաղաքում կիրակի օրը լսվել են գնդացիրների և տանկերի կրակոցների ձայները:
Քաղաքում գործող բժիշկների համաձայն, հիվանդանոցները լցված են վնասվածքներ ստացած մարդկանցով և դոնորական արյան խիստ կարիք են զգում:
Ականատեսների համաձայն, Սիրիայի բանակի զորամիավորումները հարձակումը սկսել են կիրակի օրը լուսաբացին՝ անկանոն կրակոցներ բացելով քաղաքացիական անձանց ուղղությամբ և քանդելով զորամիավորումները քաղաքից դուրս պահելու նպատակով քաղաքի բնակիչների կողմից կառուցված խոչընդոտները: