Մատչելի հղումներ

Սիրիայի անվտանգության ուժերի գործողությունների պատճառով զոհվել է 11 մարդ


Սիրիայի իրավապաշտպանների համաձայն, երկրի անվտանգության ուժերի կողմից մայրաքաղաք Դամասկոսի հարավային արվարձաններից մեկում իրականացվող խուզարկումների ընթացքում զոհվել է առնվազն 11 մարդ:

Ակտիվիստները հայտնել են նաև, որ չորեքշաբթի օրը Սիրիայի անվտանգության ուժերի կողմից Քանաքեռ քաղաքում իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել է առնվազն 250 մարդ:

Նրանց համաձայն, քաղաքի բնակիչները քարեր են նետել և անվադողեր այրել` փորձելով կանգնեցնել բուլդոզերների և տանկերի աջակցությամբ առաջ շարժվող զորամիավորումները:

Իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն, Սիրիայի անվտանգության ուժերի կողմից ավելի քան չորս ամիս իրականացված բռնությունների պատճառով զոհվել է առնվազն 1600 քաղաքացիական անձ:

Երկրի կառավարությունը սակայն չի ընդունում իր դեմ ներկայացվող մեղադրանքները` բռնությունների և խռովությունների հրահրման մեջ մեղադրելով ահաբեկիչներին և իսլամիստներին:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Սիրիայի իշխանությունները կարգադրել են երկրում Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դեսպաններին, խռովությունների կիզակետ դարձած Համա քաղաքն իրենց կողմից այցելելուց հետո, առանց թույլտվություն ստանալու չլքել երկրի մայրաքաղաք Դամասկոսը։

Արտաքին գործերի նախարար Վալիդ Մոալեմն անցյալ չորեքշաբթի հանդես էր եկել Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Ֆորդի և Ֆրանսիայի իր պաշտոնակից Էրիկ Շևալյեի նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին հայտարարությամբ՝ հավելելով, որ իրենց կողմից այս կարգադրությունը խախտելու դեպքում Սիրիայի իշխանությունները թույլ չեն տա որևէ դիվանագետի ճանապարհորդել Դամասկոսից 25 կիլոմետրը գերազանցող հեռավորության վրա։

Մոալեմն ասել էր, որ Սիրիայի իշխանությունները չեն վտարել դեսպաններին այն պատճառով, որ ապագայում ցանկանում են բարելավել իրենց հարաբերությունները Միացյալ Նահանգների և ֆրանսիայի հետ։

Նույն օրը Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել էր, որ դիվանագետները Սիրիայում պետք է ունենան երկրի ամբողջ տարածքով ազատ տեղաշարժի հնարավորություն՝ կառավարությանն ընդդեմ ցույցեր անցկացնող անձանց նկատմամբ բռնությունների իրականացման փաստաթղթային ապացույցներ հավաքելու համար։

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել էր, որ Սիրիայի կառավարությունն արդեն իսկ մերժում է միջազգային լրատվամիջոցներին, օգնություն տրամադրող և իրավապաշտպան կազմակերպությունների անձնակազմին երկիր մուտք գործելու հնարավորությունը ։

Նրա համաձայն, Միացյալ Նահանգները համարժեք գործողություններ կձեռնարկի՝ Սիրիայի կառավարության կողմից այս երկրում դիվանագետների պարտականությունների պատշաճ իրականացմանը խոչընդոտելու դեպքում։

Նմանատիպ

XS
SM
MD
LG