Սիրիայի իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն, կառավարական զորքերի կողմից երկրի երկու քաղաքների բնակիչների դեմ ուղղված բռնությունների պատճառով զոհվել է առնվազն 55 մարդ:
Իրավապաշտպանները հայտնել են, որ առնվազն 42 մարդ զոհվել է կիրակի օրը Սիրիայի զինված ստորաբաժանումների կողմից զրահատեխնիկայի աջակցությամբ Դեյր էլ-Զոր արևմտյան քաղաքի գրոհի պատճառով, իսկ երկրի կենտրոնական մասում գտնվող Հուլեհ քաղաքում կատարված բռնի գործողությունների զոհ է գնացել առնվազն 13 մարդ:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պաշտպանել է երկրում իրականացված բռնի գործողությունները՝ ասելով, թե «պետական պարտք է համարում ճանապարհները փակող և բնակչության նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնող հանցագործների դեմ ուղղված պայքարը»:
Ասադը, պետական այցով Սիրիա ժամանած Լիբանանի արտգործնախարի հետ կիրակի օրն անցկացված բանակցությունների ընթացքում ասել է նաև, թե երկիրը գտնվում է բարեփոխումների իրականացման ճանապարհին:
Սիրիայի նախագահի վրա գնալով մեծանում է միջազգային հանրության կողմից գործադրվող ճնշումը: Այսպես, Սաուդյան Արաբիան հետ է կանչել Դամասկոսում իր դեսպանին՝ կոչ անելով Սիրիայի ղեկավարին «քանի ուշ չէ» դադարեցնել արյունահեղությունը:
Արաբական պետությունների լիգան, որը Սիրիայում մարտ ամսից տեղի ունեցող ապստամբության ժամանակից լռություն է պահպանել, նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով նախագահ Ասադին «անմիջապես դադարեցնել բռնությունները»: Նման կոչով Ասադին շաբաթ օրն ունեցած հեռախոսազրույցում դիմել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:
Դամասկոսում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Ֆորդը ամերիկյան «Էյ-Բի-Սի» հեռուստաընկերությանը հայտնել է, թե Վաշինգտոնը փորձում է «ավելացնել ճնշումը նախագահ Ասադի կառավարության վրա: Սիրիա վերադարձող դեսպան Ֆորդն այս երկրում իրականացվող բռնությունները «զարհուրելի և զզվելի» է անվանել:
Հռոմի Բենեդիկտոս XVI պապը իր խորը մտահոգությունն է արտահայտել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով: Ուխտագնացներին ուղղված իր ամենշաբաթյա ուղերձում Հռոմի պապը դիմել է Սիրիայի կառավարությանը և ընդդիմության ակտիվիստներին՝ հորդորելով կողմերը վերադառնալ «խաղաղ գոյակցության»: Նա ասել է նաև, որ «պետք է կատարվեն Սիրիայի ժողովրդի օրինական պահանջները»:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի «տեսնելով Սիրիայում իրականացվող բռնությունները՝ իր համբերությունը հատել է»: Էրդողանն ասել է, թե երեքշաբթի օրը Թուրքիայի հարևան այդ երկիր ժամանելու է արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն՝ Թուրքիայի վարչապետի ուղերձը «վճռականորեն» հաղորդելու նպատակով:
Նախգահ Ասադի խորհրդական Բութայնա Շաաբան կիրակի օրը հանդես է եկել Թուրքիային քննադատող հայտարարությամբ՝ ասելով, թե այդ երկիրը քննադատության չի արժանացրել այս տարվա սկզբին Սիրիայի անվտանգության ուժերի ծառայողների և քաղաքացիական անձանց սպանությունն իրականացրած զինված խմբավորումների գործողությունները:
Ասադի խորհրդականի համաձայն, Սիրիան Դավութօղլուին այդ մասին կհիշեցնի «նույնիսկ ավելի վճռական եղանակով»: