Լիբիայի կառավարությունը մեղադրել է ՆԱՏՕ-ին օդային հարձակման ընթացքում հիվանդանոց ռմբակոծելու մեջ:
Լիբիայի պաշտոնատար անձանց լրագրողների համար կազմակերպված շրջագայության ընթացքում ցույց են տվել երկրի մայրաքաղաք Տրիպոլիից դեպի արևելք գտնվող Զլիթան քաղաքի ոչնչացված հիվանդանոցը: Լրագրողներին ուղեկցել են նաև դեպի պարենի պահեստները, որոնք, պաշտոնատար անձանց համաձայն, նույնպես ոչնչացվել են օդային հարձակման արդյունքում:
ՆԱՏՕ-ն դեռևս որևէ տեղեկություն չի տրամադրել օդային այս հարձակումների վերաբերյալ:
Զլիթան քաղաքի բնակիչների համաձայն, հարձակումներն իրականացվել են երկուշաբթի առավոտյան:
ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունների համաձայն, երկրում շարունակվող հակամարտության պատճառով Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ստեղծվել է իրավիճակ, որի պատճառով քաղաքի բնակիչները մարդասիրական անհապաղ օգնության կարիքն ունեն:
ՄԱԿ-ի պաշտոնատար անձանց համաձայն, քաղաքում վերջանում են բժշկական նյութերի, այդ թվում պատվաստանյութի պաշարները, նկատվում է վառելիքի և էլեկտրաէներգիայի պակասորդ, բարձրանում են պարենի գները:
Լիբիայում ՄԱԿ-ի հանձնակատար Աբդել-Էլահ ալ-Խաթիբը երեքշաբթի օրը հանդիպելու է երկրի պաշտոնատար անձանց հետ՝ ճգնաժամի քաղաքական լուծմանն ուղղված քննարկումներ անցկացնելու նպատակով: ՄԱԿ-ի հանձնակատարը Բենգազի քաղաքում երկուշաբթի օրը բանակցությունների է անցկացրել ընդդիմության առաջնորդների հետ:
Հիշեցնենք, որ Լիբիայի ապստամբների առաջնորդ Մուսթաֆա Աբդել Ջալիլը «The Wall Street Journal» ամերիկյան պարբերականին կիրակի օրը տված հարցազրույցում հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի «Քադաֆին և նրա ընտանիքը կարող են մնալ Լիբիայում այն դեպքում, եթե նրանք հանձնեն իշխանությունը. ապստամբների առաջնորդները կորոշեն, թե ուր և ինչ պայմաններով են նրանք տեղափոխվելու»:
Ջալիլի այս խոսքերը վկայում են նախկինում զբաղեցրած իր դիրքի մեղմացման մասին, որն այժմ արտացոլում է Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Իտալիայի պաշտոնատար անձանց դիրքորոշումը: Ապստամբների առաջնորդը նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև այս ամսվա սկզբին, սակայն շատ արագ հերքել է այն, քանի որ ընդդիմության կենտրոն Բենգազի քաղաքում այն բողոքի ցույցեր էր հրահրել: