ՆԱՏՕ-ն խիստ քննադատության է ենթարկել Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի կողմից ապստամբների հետ վարվող մարտերի ընթացքում բալիստիկ «Սկադ» հրթիռների օգտագործման պատճառով:
ՆԱՏՕ-ի խոսնակ Կարմեն Ռոմերոյի համաձայն, Քադաֆիի կառավարության կողմից գործողության փոքր հեռահարության հրթիռների կիրառումը վկայում է ապստամբների ուժերի կողմից դեպի երկրի մայրաքաղաք Տրիպոլի առաջխաղացմամբ պայմանավորված «հուսահատության» մասին:
Բրյուսելում երեքշաբթի օրն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Ռոմերոն ասել է, թե Բրեգա քաղաքի ուղղությամբ կիրակի օրը Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից «Սկադ» հրթիռների կիրառմամբ իրականացված հրթիռային հարձակումը կարող է քաղաքացիական բնակչության թվում բազմաթիվ զոհերի պատճառը դարձած լինել:
Այս ընթացքում Լիբիայի ապստամբները շարունակում են առաջխաղացումը` գրավելով Տրիպոլիից դեպի հարավ և արևմուտք գտնվող քաղաքները և փորձելով փակել երկրի մայրաքաղաքի մատակարարման ուղիները:
Լիբիայի ապստամբների Անցումային ազգային խորհրդի համաձայն, մեկնարկել է Քադաֆիի դեմ պայքարի «վճռորոշ փուլը», որի արդյունքում շուտով ազատագրվելու են Լիբիայի հարավային բոլոր տարածքները:
Ապստամբների համաձայն, Տրիպոլիից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող` ռազմավարական նշանակություն ունեցող Զավիա քաղաքի հիմնական մասն անցել է իրենց վերահսկողության տակ:
Նրանք հայտնել են նաև Սուրման և Գարյան քաղաքները գրավելու մասին, որոնք Տրիպոլիից գտնվում են համապատասխանաբար 60 և 80 կիլոմետր հեռավորության վրա: Այս քաղաքները գրավելու մասին ապստամբների հայտարարությունները սակայն դեռևս չեն հաստատվել անկախ աղբյուրների կողմից: