Լիբիայի անցումային կառավարության ղեկավարությունը երկրում գործող զինված բոլոր խմբավորումներին հրահանգել է ցրվել եւ ենթարկվել անցումային կառավարությանը։
Անցումային կառավարության ղեկավար Աբդել Ջալիլն այս մասին հայտարարել է ռազմական հարցերով ղեկավար Աբդել Ֆաթահ Յունուսի եւ նրա երկու օգնականների սպանությունից հետո։
Յունեսը, մինչեւ ապստամբ ուժերին միանալը, եղել է Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի ներքին շրջանակի կարեւոր անդամներից մեկը։
Սպանությունները հետաքննելու նպատակով Անցումային կառավարությունը հիմնել է հետաքննչական մի խումբ։ Ըստ որոշ հաղորդագրությունների ռազմական հարցերով նոր հրամանատար է նշանակվել ոմն Սուլեյման Մահմուդ ալ-Օբեյդին։
Այլ հաղորդագրությունների համաձայն, ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրականացված գրոհի արդյունքում երկրի պետական հեռուստատեսային կայանում սպանվել է 3 լրագրող։
ՆԱՏՕ-ն հայտարարում է, թե Լիբիայի արբանյակայինն կապի երեք կայաններ է ռմբակոծել մայրաքաղաքում՝ թույլ չտալու որ Քադաֆիի կողմնակիցները հեռուստատեսությունն օգտագործեն քաղաքացիներին ահաբեկելու համար։
Լիբիայի հեռարձակումների ընկերակցությունը, սակայն, դատապարտել է այս հարձակումը, հայտարարելով, թե կայանը ռազմական թիրախ չէ, եւ որ կայանի աշխատակիցներն այդ պահին զբաղված էին լրագրողական իրենց պարտականություններով։