Մեծ Բրիտանիան երկրից վտարել է Մուամար Քադաֆիի վարչակարգի կողմից նշանակված դիվանագետներին և որպես երկրի լեգիտիմ կառավարություն պաշտոնապես ճանաչել Անցումային ազգային խորհուրդը:
Երկրի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը չորեքշաբթի օրն ասել է, որ որպես նման քայլ կատարելու հիմք ընդունվել է Լիբիայի ընդդիմության գնալով աճող հեղինակությունը, բանիմացությունը և երկրի ժողովրդի կարիքները հոգալու գործում ձեռք բերված հաջողությունները: Նրա համաձայն, ապստամբների Խորհրդի հետ Մեծ Բրիտանիան հարաբերությունները զարգացնելու է նույն կերպ, ինչ աշխարհի այլ պետությունների կառավարությունների հետ:
Հեյգը նշել է նաև որ Անցումային ազգային խորհուրդն աշխատում է առավել բաց և ժողովրդական երկիր կառուցելու ուղղությամբ, ինչը զգալիորեն տարբերվում է Քադաֆիի կողմից իրականացվող բռնությունների քաղաքականությունից, որը և զրկել է վերջինիս երկրում օրինական կառավարման հնարավորությունից:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի համաձայն, միջազգային հանրության կողմից Լիբիայում իրականացվող ռազմական գործողությունների արդյունքում փրկվել է հազարավոր մարդկանց կյանքը:
Նախարար Հեյգը նույնպես հանդես է եկել Լիբիայի սառեցված ֆինանսական միջոցներից որպես այդ երկրի ժողովրդին օգնություն 149 միլիոն դոլար ուղղելու մասին հայտարարությամբ:
Լիբիայի վարչապետ Ալ-Բաղդադի ալ-Մահմուդին, Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ընդդիմադիր Խորհրդի իշխանությունը պաշտոնապես ճանաչելու մասին որոշումն ընդունելու նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Քադաֆիի իշխանությունից հեռանալու հարցը ենթակա չէ քննարկման:
Լիբիայի վարչապետը ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Աբդուլ Էլահ ալ-Խաթիբի հետ երեքշաբթի օրը կայացած հանդիպումից հետո ասել է նաև, որ Լիբիայում քաղաքական ճգնաժամի շուրջ երկխոսություն ծավալել հնարավոր չի լինելու այնքան ժամանակ, մինչև չդադարի «ՆԱՏՕ-ի ագրեսիան»:
Ալ-Խաթիբի համաձայն, Լիբիայի կառավարության և ընդդիմության հետ իր ունեցած հանդիպումներից հետո պարզ է դարձել, որ երկու կողմերը «շատ են հեռու քաղաքական լուծման հասնելուց»` հավելելով, որ չնայած այդ հանգամանքի, երկու կողմերը հավատարիմ են մնում ՄԱԿ-ի հետ աշխատելու հանձնառության: