Մատչելի հղումներ

«Քադաֆին և նրա ընտանիքը կարող են մնալ Լիբիայում»


«Քադաֆին և նրա ընտանիքը կարող են մնալ Լիբիայում»
«Քադաֆին և նրա ընտանիքը կարող են մնալ Լիբիայում»

«Քադաֆին և նրա ընտանիքը կարող են մնալ Լիբիայում այն դեպքում, եթե նրանք հանձնեն իշխանությունը. ապստամբների առաջնորդները կորոշեն, թե ուր և ինչ պայմաններով են նրանք տեղափոխվելու»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Լիբիայի ապստամբների առաջնորդ Մուսթաֆա Աբդել Ջալիլը «The Wall Street Journal» ամերիկյան պարբերականին կիրակի օրը տված հարցազրույցում:

Ջալիլի այս խոսքերը վկայում են նախկինում զբաղեցրած իր դիրքի մեղմացման մասին, որն այժմ արտացոլում է Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Իտալիայի պաշտոնատար անձանց դիրքորոշումը: Ապստամբների առաջնորդը նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև այս ամսվա սկզբին, սակայն շատ արագ հերքել է այն, քանի որ ընդդիմության կենտրոն Բենգազի քաղաքում այն բողոքի ցույցեր էր հրահրել:

Լիբիայի ապստամբների առաջնորդը պարբերականին հարցազրույց է տվել ապստամբների կողմից վերահսկվող արևմտյան լեռնային տարածաշրջանն այս տարվա փետրվար ամսին Անցումային ազգային խորհրդի առաջնորդի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին անգամ կատարվող այցի ընթացքում:

Հարցազրույցում Ջալիլը նշել է, որ Քաթարը ռազմական անձնակազմի ներկայացուցիչներ է ուղարկել արևմտյան լեռներ՝ այնտեղ գործող ապստամբների մարտիկներին վերապատրաստելու և հրամանատարական կենտրոն կառուցելու նպատակով:

Ջալիլի կողմից «The Wall Street Journal»-ին տրվող հարցազրույցի ընթացքում իրեն ուղեկցող Քաթարի ներկայացուցիչները հայտնել են, որ այս պետությունը վերջերս ավելացրել է Լիբիայի ապստամբներին տրամադրվող ռազմական օգնության ծավալն ու որակը:

Գերմանիայի պաշտոնատար անձինք կիրակի օրը հայտնել են ապստամբների խորհրդին 144 միլիոն դոլար մարդասիրական և վերակառուցման նպատակներով տրամադրելու մասին:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելեն՝ ասելով, որ իր երկիրը տրամադրում է այս վարկը, քանի որ Քադաֆիի սառեցված միջոցները դեռևս հնարավոր չէ տրամադրել ապստամբներին: Նրա համաձայն, այս վարկն ապստամբների համար հնարավորություն կընձեռի անհրաժեշտ ենթակառուցվածք ստեղծել և հաղթահարել սննդամթերքի պակասորդը:

ՆԱՏՕ-ն կիրակի օրն օդային հարձակումներ է իրականացրել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի ուղղությամբ, որտեղ, ականատեսների համաձայն, առնվազն մեկ պայթյուն է որոտացել Քադաֆիի նստավայրի մոտակայքում: Տուժածների մասին հաղորդագրություններ չկան:

Նմանատիպ

XS
SM
MD
LG