Մուամար Քադաֆիի հակառակորդները սկսել են հարձակում, որով հույս ունեն ավարտի հասցնել Լիբիայի ղեկավարի վարչակարգը իշխանության ղեկից հեռացնելուն ուղղված և արդեն վեց ամիս ընթացող իրենց պայքարը:
Այս գիշերվա ընթացքում Լիբայի մայրաքաղաք Տրիպոլիում պայթյուններ են որոտացել և լսվել են փոխհրաձգության ձայներ:
Հանդես գալով կիրակի օրը պետական հեռուստատեսությամբ՝ Մուամար Քադաֆին հորդորել է իր կողմնակիցներին «դուրս գալ միլիոնների երթի» և «ոչնչացնել ապստամբությունը», իսկ ապստամբներին «դավաճաններ և առնետներ» է անվանել:
Քադաֆիի որդի Սեիֆ ալ-Իսլամը նույն օրը հեռարձակված իր ելույթում ասել է, որ «Քադաֆիի կառավարությունը չի դադարի իր պայքարը»:
Լիբիայի կառավարության խոսնակ Մուսա Իբրահիմն իր հերթին մերժել է Քադաֆիի վարչակարգի փլուզման եզրին կանգնած լինելու մասին լուրերը:
Տրիպոլիում վարվող մարտերը սկսվել են ապստամբների կողմից ռազմավարական նշանակություն ունեցող Զավիա և Բրեգա քաղաքների նկատմամբ վերահսկողություն հաստատելուց մի քանի ժամ անց:
Ապստամբները հայտնել են, որ Զավիա քաղաքում զբաղեցրել են Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից նախկինում զբաղեցված դիրքերը: Քադաֆիի ուժերը քաղաքի ուղղությամբ հրետանային կրակ են բացել քաղաքից դեպի արևելք գտնվող իր դիրքերից:
Ապստամբների զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարներից մեկը շաբաթ օրը հայտնել է, որ իր հրամանատարության տակ գտնվող մարտիկներն ամբողջությամբ վերահսկում են արևելյան Բրեգա քաղաքը:
ՆԱՏՕ-ի օդուժը շարունակում է աջակցել Լիբիայի ապստամբներին՝ իրականացնելով Քադաֆիին հավատարիմ ուժերի ռմբակոծությունը: