Մուամար Քադաֆիի որդի Սեիֆ ալ-Իսլամը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Լիբիայի կառավարությունը դեռևս վերահսկում է երկրի մայրաքաղաք Տրիպոլին:
Այս հայտարարությամբ Սեիֆ ալ-Իսլամը հանդես է եկել Քադաֆիի ուժերի կողմից վերահսկվող «Ռիքսոս» հյուրանոցում հավաքված լրագրողների առջև՝ չնայած Լիբիայի ապստամբների ղեկավարները և Միջազգային քրեական դատարանը նախկինում հայտնել են իր ձերբակալության մասին: Հանդիպումից հետո Սեիֆ ալ-Իսլամն ուղեկցել է լրագրողներին Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից վերահսկվող տարածքներ:
Լիբիայի ապստամբների բարձրաստիճան պաշտոնատար անձանց համաձայն, Քադաֆիի որդիներից ևս մեկը՝ Մոհամեդը, երկուշաբթի օրը փախուստի է դիմել տնային կալանքից: Մուամար Քադաֆիի գտնվելու վայրը դեռևս անհայտ է, իսկ իր երրորդ որդին դեռևս գտնվում է կալանքի տակ:
Լիբիայի ապստամբների Անցումային ազգային խորհրդի նախագահ Մուսթաֆա Աբդել Ջալիլի համաձայն, Քադաֆիի նկատմամբ, ձերբակալվելու դեպքում, անցկացվելու է արդար դատավարություն:
Ջալիլը խոստովանել է, որ ապստամբները դեռևս վերահսկողություն չեն հաստատել ողջ Տրիպոլիի նկատմամբ, որի առանձին հատվածներում Քադաֆիին հավատարիմ ուժերը մարտեր են վարում ապստամբների հետ:
Ընդդիմադիր ուժերի մարտիկների համաձայն, կառավարական ուժերի ձեռքում դեռևս գտնվում է մայրաքաղաքի տարածքի 10-ից 15 տոկոսը, ներառյալ Քադաֆիի «Բաբ ալ-Ազիզիա» նստավայրի շենքերի համալիրը:
Բացի Տրիպոլիի որոշ մասերից, կառավարական ուժերի վերահսկողության տակ են դեռևս մնում առնվազն երկու մեծ քաղաք՝ հարավային Սաբհա և Տրիպոլիից դեպի արևելք 450 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սիրթ քաղաքը: