«Միացյալ Նահանգները անվերապահորեն աջակցում է Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի տնտեսական վերականգնման ծրագիրը»։ Այս հայտարարությամբ Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը հանդես է եկել Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Աթենքում կիրակի օրը՝ Հունաստանին տրամադրվող ֆինանսական օժանդակության երկրորդ փուլին նվիրված կարևորագույն հանդիպումից առաջ։
Միացյալ Նահանգները սակայն դեր չի ունենալու «եվրոյի գոտու» հիմնական 17 պետությունների կողմից ընդունվող օժանդակության տրամադրման որոշման մեջ։
Արտգործնախարար Քլինթընը սական արտահայտել է քաղաքական իր աջակցությունը՝ ասելով, որ Աթենք «դժվարին ժամանակներին» այցելելու հանգամանքը վկայում է Միացյալ Նահանգների կողմից ՆԱՏՕ-ի իր դաշնակից Հունաստանի «անվերապահ և ուժեղ աջակցությունը»։
Քլինթընն ասել է, որ Պապանդրեուի կառավարության կողմից իրականացվող խնայողության միջոցների և հարկերի բարձրացման միջոցառումները «ուժեղ դեղամիջոց են, սակայն բարդ թերապիա՝ Հունաստանի քաղաքացիների համար, և վստահություն հայտնել, որ Միացյալ Նահանգները համոզված է ժամանակի ընթացքում երկրի տնտեսության վերականգնման մեջ։
«Համոզված եմ՝ Հունաստանի ժողովուրդը կհաղթահարի դժվարությունները, և իմ գովասանքի խոսքն եմ ուղղում Հունաստանի կառավարությանը՝ դժվարին քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամության համար։ Հունաստանը նախկինում էլ է աշխարհի համար ոգեշնչման աղբյուր եղել, և համոզված եմ, որ դա կրկին կկատարվի։ Դուք ձեռնարկում եք անհրաժեշտ այն ամենը, ինչ հարկավոր է երկրի տնտեսությունը բուժելու համար, և այս ընթացքում Միացյալ Նահանգները ձեզ իր լիարժեք աջակցությունն է տրամադրելու» - ասել է ԱՄՆ-ի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը։
Այս հայտարարությամբ Քլինթընն հանդես է եկել Հունաստանի վերջինս նշանակված արտաքին գործերի նախարար Ստավրոս Լամբրինիդիսի հետ անցկացված մամուլի հետ հանդիպման ընթացքում։
Հանդիպման ընթացքում Լամբրինիդիսն ասել է, որ չնայած Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում շատերը «Հունաստանի տապալման հույսեր են փայփայում», սակայն վարչապետ Պապանդրեուի կառավարության կողմից գործադրվող ջանքերը թույլ չեն տա, որ նրանց հույսերն իրականանան։
«Չնայած շատերը տապալում են կանխագուշակում, մենք շարժվում ենք առաջ և այս իրավիճակից հաղթանակած ենք դուրս գալու։ Մենք իհարկե հրաշքներ չենք գործելու, սակայն միանշանակ է, որ այն զոհաբերությունները, որոնք արել է Հունաստանի ժողովուրդը, ոչ միայն կասեցրել են դեֆոլտի վտանգը, այլև ստեղծել ամուր հիմք՝ տնտեսության վերականգնման համար»։
Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարը, չնվազեցնելով Հունաստանի առջև կանգնած խնդիրների սաստկությունը, նշել է, որ երկրի տնտեսությունը կազմում է Եվրոպական Միության տնտեսության ընդամենը մոտ երեք տոկոսը, և Հունաստանի խնդիրն այն ծավալի խնդիր չէ, որը չկարողանա հաղթահարել Եվրամիությունը։
Հունաստանում Քլինթընի և երկրի բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջև կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև Մերձավոր Արևելքում խռովությունների, Բալկաններում կայունության, Հունաստանի, Կիպրոսի և Թուրքիայի միջև հարաբերությունների հարցերը։
Քլինթընն ասել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որպեսի Կիպրոսի կողմից գալիք տարի Եվրամիության նախագահությունը ստանձնելուց առաջ լուծվի այս կղզում առկա հիմնախնդիրը։
Հունաստանի արտաքին գործերի նախարարը կարծիք է հայտնել, որ առաջընթացը հնարավոր է, սակայն դրան հասնելու համար հիմնականում պահանջվում է քաղաքական կամքի դրսևորում Թուրքիայի կառավարության կողմից։