Մատչելի հղումներ

Թուրքիան կոչ է արել մինչև տարվա վերջ միավորել Կիպրոսի հունական և թուրքական մասերը


Թուրքիան կոչ է արել մինչև տարվա վերջ միավորել Կիպրոսի հունական և թուրքական մասերը
Թուրքիան կոչ է արել մինչև տարվա վերջ միավորել Կիպրոսի հունական և թուրքական մասերը

Թուրքիան կոչ է արել մինչև տարվա վերջ ստորագրել Կիպրոսի հունական և թուրքական մասերի միավորման մասին պայմանագիր՝ հույս հայտնելով, որ կղզին կկարողանա հաջորդ տարի որպես միասնական պետություն ստանձնել Եվրամիության նախագահությունը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի վերամիավորման պայմանների շուրջը հաջորդ վեց ամսվա ընթացքում համաձայնության գալու դեպքում, Կիպրոսում 2012 թվականի սկզբին հնարավոր կլինի անցկացնել քվեարկություն պայմանագրի շուրջ՝ կղզու թուրքական և հունական հատվածների մասնակցությամբ։ Դավութօղլուի համաձայն, «նոր պետությունը» կօրինականացնի ԵՄ-ի Կիպրոսի նախագահությունը 2012 թվականի ընթացքում։

Կիպրոսը 1974 թվականին բաժանվել է թուրքերով բնակեցված հյուսիսային և հույներով բնակեցված հարավային մասերի՝ հետևելով Հունաստանի հետ միավորման ջատագովների կողմից իրականացված հեղաշրջումից հետո Թուրքիայի զորամիավորումների կողմից իրականացված ներխուժմանը։ Միջազգային մարմիններում և ԵՄ-ում Կիպրոսը ներկայացնում են կղզում բնակվող հույները։

Դավութօղլուն, ելույթ ունենալով Կիպրոսի բաժանված Նիկոսիա մայրաքաղաքում, ասել է, որ այն դեպքում, եթե կղզին չվերամիավորվի և ԵՄ-ի նախագահության ընթացքում ամբողջ երկիրը ներկայացնի միայն կողմերից մեկը, ապա դա կլինի «եվրոպական արժեքներին հակասող ևս մեկ սխալ»։

Այս շաբաթվա սկզբին Միավորված Ազգերի Կազմակերպության նախագահ Բան Կի-մունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ինքը ակնկալում է Կիպրոսի հույների նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասից և կղզու թուրքերի նախագահ Դերվիշ Էրօղլուից լուծել իրենց միջև առկա տարաձայնությունները մինչև սույն թվականի հոկտեմբեր ամիսը։ Երկու կողմերը որոշ առաջընթաց են գրանցել երկու գոտուց բաղկացած դաշինքի շուրջ բանակցություններում, սակայն նրանց դեռևս չի հաջողվել կարգավորել սահմանների կամ 1974 թվականի պատերազմի արդյունքում առաջացած մասնավոր սեփականության շուրջ վեճերը։

Համաձայնություն ձեռք բերելու դեպքում, երկու կողմերը պետք է հավանության արժանացնեն այն՝ համապատասխան հանրաքվեներ անցկացնելու միջոցով։ Կիպրոսի ազգությամբ թուրք բնակիչները 2004 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքում կողմ, մինչդեռ ազգությամբ հույն բնակիչները՝ դեմ են քվեարկել վերամիավորմանը։

XS
SM
MD
LG