Հունաստանի վարչապետ Գեորգիուս Պապանդրեուն ուրբաթ օրը կոչ է արել Եվրոպայի իր գործընկերներին դիմել անմիջական գործողությունների` Հունաստանի համար նախատեսված ֆինանսական օգնության վերաբերյալ ընդունված որոշումը ի կատար ածելու նպատակով:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուին ուղղված նամակում Պապանդրեուն ասել է, թե եվրոպական կառույցներին, անդամ պետություններին և ազգային խորհրդարաններին այժմ անհրաժեշտ է «հստակ գործողություններ ձեռնարկել»:
Հիշեցնենք, որ Եվրոպական Միությունը և Արժույթի միջազգային հիմնադրամն անցյալ ամիս հավանության են արժանացրել Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու նպատակով ևս 155 միլիարդ դոլար հատկացնելու վերաբերյալ որոշումը, քանի որ անցյալ տարի հատկացված 160 միլիարդ դոլար ծավալով վարկի միջոցով չի հաջողվել զգալիորեն բարելավել այդ երկրի տնտեսությունը:
Հունաստանին տրամադրվելիք ֆինանսական նոր օգնությունը հիմնականում բաղկացած է լինելու մասնավոր ոլորտի կազմակերպությունների կողմից տրամադրվող միջոցներից: