Ֆրանսիան և Գերմանիան, մի կողմ դնելով տարաձայնությունները, խոստացել են օգնության նոր փաթեթ տրամադրել Հունաստանին` փորձելով դադարեցնել այս երկրում ծավալվող ֆինանսական ճգնաժամը, որը կարող է խարխլել ամբողջ Եվրոպայի տնտեսությունը:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ուրբաթ օրն ասել է, թե «չի կարելի ժամանակ կորցնել», և որ օգնության նոր փաթեթը պատրաստ կլինի հնարավորինս մոտ ժամանակներում:
Ֆրանսիայի և Գերմանիայի միջև տարաձայնությունների հիմքում ընկած է այն խնդիրը, թե արդյոք բանկերին և ներդրողներին անհրաժեշտ է հարկադրել մասնակցության` օժանդակության նոր փաթեթում ներդրումներ կատարելու համար, սակայն Բեռլինում անցկացված հանդիպումից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը համաձայնել է, որ նրանք պետք է մասնակցեն կամավոր հիմունքով:
Այս ընթացքում Հունաստանի վարչապետ Գեորգիուս Պապանդրեուն ուրբաթ օրն իրականացրել է քաղաքական քայլեր, որոնք անհրաժեշտ են` ստացվելիք օգնությունն ապահովելու համար:
Պապանդրեուն վերակազմակերպել է նախարարների խորհուրդը` ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակելով պաշտպանության նախկին նախարար Եվանգելոս Վենիզելոսին:
Այս փոփոխությունն իրականացվել է իշխող Սոցիալիստական կուսակցության երկու անդամների կողմից խորհրդարանը լքելուց երկու օր անց: Պատգամավորները լքել են խորհրդարանը` բողոքելով երկրում զանգվածային ցույցեր հրահրած խիստ խնայողության միջոցառումների դեմ:
Խիստ խնայողության միջոցառումների իրականացումը Եվրամիության և ԱՄՀ-ի կողմից անցյալ տարի տրամադրված 160 միլիարդ դոլար չափով ֆինանսական օգնության պայմաններից մեկն է: