Հունաստանի խորհրդարանը սկսել է քննարկել առաջիկա 5 տարիների ընթացքում բյուջեի ծախսային մասի կրճատմանը, հարկերի բարձրացմանը, ինչպես նաև պետական մի շարք ընկերությունների օտարմանն առնչվող խնդիրներ: 40 միլիարդ դոլարի ընդհանուր արժողությամբ այս օրինագիծն այն նախապայմանն է, որի ընդունումից հետո Հունաստանին նոր վարկեր կտրամադրվեն:
Երկրի վարչապետ Ջորջ Պապանդրեուի սոցիալիստական կուսակցությունը, որը ընդամենը 5 մանդատի առավելությամբ մեծամասնություն ունի խորհրդարանում, կարող է հաստատել օրինագիծը:
Ընդդիմանալով օրինագծի շուրջ հուլիսի 28-ին կայանալիք քվեարկությանը՝ Հունաստանի արհմիությունները հայտարարել են, որ իրականացնելու են երկօրյա գործադուլներ:
Եթե Պապանդրեուի կողմից առաջարկվող փաթեթը հաստատվի, ապա Հունաստանին կտրամադրվի 17 միլիարդ դոլարի լրացուցիչ աջակցություն:
Զուգահեռաբար, Եվրամիության անդամ 17 պետությունների ֆինանսների նախարարները քննարկում են Հունաստանին միևնույն ծավալի մեկ այլ օգնության ծրագիր, որն ըստ պաշտոնյաների, նույնպես կախված կլինի այս օրինագծի հաստատումից: