Բրադտկեն Կազանը համեմատում է Քի Վեսթի հետ

Բրադտկեն Կազանը համեմատում է Քի Վեսթի հետ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադտկեի համաձայն, ընթացող բանակցությունները «2001 թվականին Քի Վեսթում խաղաղության պայմանագրի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հավանաբար ամենակարևոր կետն է»:

Ամերիկյան «Վաշինգտոն փոստ» օրաթերթը, վկայակոչելով «Ասոշիեյթիդ փրես» գործակալությանը, հաղորդել է, որ Ռոբերտ Բրադտկեն այս հայտարարությամբ հանդես է եկել լրագրողների հետ Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատանն անցկացված հանդիպման ընթացքում:

Բրադտկեի համաձայն, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը մեծ ջանքեր են գործադրել` համատեղ սերտ համակարգման միջոցով այս կետին հասնելու համար:

«Այժմ հարցական է մնում այն, թե արդյոք կողմերը քաղաքական կամք կդրսևորեն`որոշում կայացնելու, սկզբունքներն ընդունելու, ապա` գործընթացի հաջորդ փուլին անցնելու համար» - ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն:

Իր հերթին, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոն նույնպես հույս է հայտնել, որ Կազանում ընթացող բանակցությունների ադրյունքում առաջընթաց կգրանցվի:

«Ֆրանս պրես» գործակալության փոխանցմամբ, նա ասել է, թե «շատ հազվադեպ են այն պահերը, երբ խաղաղության կարգավորման նկատմամբ մեր հույսերը լինում են այնքան մեծ, ինչպես հիմա են» - ասել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը: