Մատչելի հղումներ

Բրայզա. «Լեռնային Ղարաբաղի շուրջ փաստաթղթում արտացոլված կլինեն տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները»


Բրայզա. «Լեռնային Ղարաբաղի շուրջ փաստաթղթում արտացոլված կլինեն տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները»
Բրայզա. «Լեռնային Ղարաբաղի շուրջ փաստաթղթում արտացոլված կլինեն տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները»

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան, այդ երկրի տարածաշրջաններ կատարված այցելության ընթացքում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման շուրջ մինչ օրս կատարված աշխատանքի վերաբերյալ իր մեկնաբանությունները:

Բրայզան նշել է, թե «Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները ներկայիս մակարդակին հասցնելու համար տարիներ են պահանջվել»:

«Վերջին մի քանի տարվա ընթացքում նախագահները, արտգործնախարարներն ու միջնորդները ջանքեր են գործադրել` երկու կողմերի պահանջներին համապատասխանող առաջարկություններ մշակելու ուղղությամբ», - ադրբեջանական «News.az» լրատվամիջոցի փոխանցմամբ ասել է Բրայզան:

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առաջարկությունները մշակվել են` հարգելով ինչպես պետությունների տարածքային ամբողջականության, այնպես էլ` ազգերի ինքնորոշման սկզբունքները:

Նա ասել է, թե իր կողմից գործադրվելու են բոլոր ջանքերը, որպեսզի նախագահները համաձայնության գան սկզբունքային այս հարցերի շուրջ:

«PanArmenian.net» համացանցային պարբերականի փոխանցմամբ, «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, մեկնաբանելով Բրայզայի հայտարարությունը, ասել է. «Ես չգիտեմ, դա լրագրողի բացթողումն է, թե Բրայզան է մոռացել կարգավորման երրորդ` «ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում» սկզբունքի մասին»:

Հիշեցնենք, որ Աթենքում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով 2009 թվականի դեկտեմբերի 1-ին հրապարակված հայտարարությունում նշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պարտավորվել են հասնել համաձայնության` որպես հիմք ընդունելով Հելսինկյան վերջնական ակտի երեք` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները:

Նմանատիպ

XS
SM
MD
LG