ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հինգշաբթի օրը անց է կացրել Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզայի երդմնակալության արարողությունը։
Նախարարության պաշտոնական կայքում նշված է, որ արարողությունն անց է կացվել փակ դռների հետևում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահը դեկտեմբերի 29-ին, օգտվելով Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից, որի համաձայն Սենատի` արձակուրդում գտնվելու ժամանակ նախագահն իրավունք ունի նշանակումներ կատարել երկրի առանցքային թափուր պաշտոններում, Մեթյու Բրայզային նշանակեց Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում:
ԱՄՆ-ի Սենատը հնարավորություն կունենա վերանայել այս պաշտոնում Բրայզայի նշանակումը մոտավորապես մեկ տարի անց:
Հաղորդագրությունում նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահն այժմ փորձում է ստանալ Սենատի հավանությունը՝ Բրայզային իր պաշտոնում նշանակելու ժամկետը երկարաձգելու համար։
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակումն արժանացել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խիստ քննադատությանը։