Մատչելի հղումներ

«Դեսպան Ռիչարդոնին խուսափել է Հայոց ցեղասպանության հարցին ուղիղ պատասխան տալուց»


«Դեսպան Ռիչարդոնին խուսափել է Հայոց ցեղասպանության հարցին ուղիղ պատասխան տալուց»
«Դեսպան Ռիչարդոնին խուսափել է Հայոց ցեղասպանության հարցին ուղիղ պատասխան տալուց»

«ԱՄՆ-ի Սենատում օգոստոսի 2-ին Թուրքիայում դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիչարդոնիի հաստատման լսումների ժամանակ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից նշանակված՝ այդ երկրում դեսպանի պաշտոնավարման լրիվ ժամկետին հավակնող Ռիչարդոնին խուսափել է Հայոց ցեղասպանության շուրջ ԱՄՆ-ի քաղաքականության մասին սենատոր Մենենդեսի կողմից առաջարկված հարցերին ուղիղ պատասխան տալուց, ինչպես նաև թույլ բացատրություն է ներկայացրել Թուրքիայի ներկայիս սահմաններում գոյություն ունեցող քրիստոնյա համայնքների իրավունքների և բարեկեցության վերաբերյալ սենատորների կողմից արտահայտված մտահոգություններին»:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ամերիկայի Հայ դատի գրասենյակը, որի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է, որ Նյու Ջերսիի և Միացյալ Նահանգների այլ մասերում բնակվող ամերիկահայերը բարձր են գնահատել սենատոր Մենենդեսի առաջնորդություն ու վճռականությունը՝ դեսպան Ռիչարդոնիից պատասխաններ ակնկալելու և Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Միացյալ Նահանգների կառավարությունից ազնվություն պահանջելու գործում:

«Ցավոք, այսօր կրկին ականատեսը դարձանք, թե ինչպես երկրի դիվանագիտության բարձրագույն ներկայացուցիչներից մեկը կրկին դիմել է բառախաղի՝ բացահայտ ճշմարտությունն անվանելուց խուսափելու նպատակով», - ասել է Համբարյանը՝ հավելելով. «Ճշմարտությունը ապրանք չէ, և մարդու իրավունքները չեն վաճառվում. Ամերիկան չպետք է վաճառի, կամ, ինչն ավելի վատ է՝ օտարերկրյա պետության ճնշման տակ հրաժարվի ցեղասպանության նկատմամբ իր ունեցած դիրքորոշումից»:

Հիշեցնենք, որ անցյալ տարի դեկտեմբերի 29-ին ԱՄՆ-ի նախագահը, օգտվելով Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից, որի համաձայն Սենատի` արձակուրդում գտնվելու ժամանակ նախագահն իրավունք ունի նշանակումներ կատարել երկրի առանցքային թափուր պաշտոններում, կատարել էր Ադրբեջանում, Թուրքիայում, Չեխիայում և Սիրիայում դեսպանների, ինչպես նաև ԱՄՆ-ի մի շարք այլ բարձրագույն պաշտոնների նշանակումներ:

XS
SM
MD
LG