Մատչելի հղումներ

«Վաշինգտոն Փոստ». «Երբ հատուկ շահերն արգելափակում են պետական շահը»


«Վաշինգտոն Փոստ». «Երբ հատուկ շահերն արգելափակում են պետական շահը»
«Վաշինգտոն Փոստ». «Երբ հատուկ շահերն արգելափակում են պետական շահը»

«Վաշինգտոն Փոստ» ամերիկյան օրաթերթի հեղինակ Ֆրեդ Հայեթն «Երբ հատուկ շահերն արգելափակում են պետական շահը» խմբագրական իր հոդվածում անդրադարձել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախագահի կողմից նշանակված դեսպան Մեթյու Բրայազայի վերանշանակման խնդրին, որը, ըստ հեղինակի, «կարող է մոտ մեկ ամսից վերադառնալ տուն»:

Ըստ հեղինակի, «հանրության աչքից հեռու և նույնիսկ առանց հանձնաժողովի քվեարկության Մեթյու Բրայզայի նշանակումը ևս մեկ օրինակ է, թե ինչպես ԱՄՆ-ի պետական շահերը դառնում են հատուկ շահերի միջև մանևրման և քաղաքական պահանջներին հարմարվելու զոհը»:

Հոդվածում հեղինակը գրում է, որ Հայաստանը, որը պետք է դառնար հետխորհրդային ժամանակաշրջանի «հաջողության պատմություններից» մեկը, 20 տարվա ընթացքում դարձել է թույլ տնտեսություն և ձևականորեն ժողովրդավարական կառավարություն ունեցող պետություն:

Ըստ Հայեթի, դրա պատճառներից մեկը եղել է այն, որ Հայաստանին չի հաջողվել լուծել իր հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունեցած վեճերը:

«Խաղաղության հաստատման ձախողման պատճառներից մեկը», - գրում է «Վաշինգտոն փոստը», - «եղել են Սփյուռքի կազմակերպությունները, որոնք, հեռավորությունից, կարող են իրենց թույլ տալ շարունակելու երկարատև վեճը»:

«Այս առումով եռանդուն և ժամանակ առ ժամանակ անարդյունավետ համայնքի առումով [Հայաստանը] միակը չե՝ կան նաև Կուբայի, Իսրայելի կամ Լատվիայի օրինակները, սակայն այն հատկապես թուլացնում է ռեսուրսներով աղքատ Հայաստանը», - գրում է «Վաշինգտոն փոստ»-ի հեղինակը:

Հայեթը նշում է, որ իր գործունեության ընթացքում Բրայզան առաջ է քաշել երկխոսությունն Ադրբեջանի վարչակարգի և քաղաքացիական հասարակության միջև, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը: «Եթե Ադրբեջանը տեսնի, որ հայկական լոբբին և 100 սենատորներից երկուսն ունեն վետո դնելու հնարավորություն, ապա վարչակարգը դժվար թե հավատա հաջորդ դեսպանի անաչառությանը», - գրում է հեղինակը:

«Այս ամբողջ պատմության մեջ ամենամեծ պարտությունը կկրեն ոչ թե ամերիկացիները կամ ադրբեջանցիները, որոնց տարեկան եկամուտը մեկ մարդու հաշվով, ի միջի այլոց, երկու անգամ բարձր է Հայաստանի նույն ցուցանիշից, այլ Հայաստանի ժողովուրդը՝ աղքատ, մեկուսացված և կրկին անգամ զոհ գնացող իրենց բարեկեցության հետ որևէ առնչություն չունեցող ուժերի բախման հետ», - գրում է «Վաշինգտոն Փոստ»-ի հեղինակ Ֆրեդ Հայեթը:

XS
SM
MD
LG