ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ սենատոր Բարբարա Բոքսերը երեքշաբթի երեկոյան հայտարարել է այն մասին, որ կասեցնում է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակումը:
Համաձայն Վաշինգտոնի Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի հաղորդագրության` սենատորն այս մասին հայտարարել է Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երեքշաբթի օրը ձայների մեծամասնությամբ Բրայզայի թեկնածությունը հաստատվելուց մի քանի ժամ անց:
Մեթյու Բրայզայի թեկնածության կասեցումը սենատոր Բոքսերի կողմից նշանակում է, որ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում նրա նշանակման հարցը չի կարող քննարկվել Սենատի լիագումար նիստում: