Մատչելի հղումներ

Նալբանդյան. «Ղարաբաղի ժողովուրդը իր ճակատագրի տերն է»


Նալբանդյան. «Ղարաբաղի ժողովուրդը իր ճակատագրի տերն է»
Նալբանդյան. «Ղարաբաղի ժողովուրդը իր ճակատագրի տերն է»

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը, վերջինիս կողմից Հայաստան կատարված այցի ավարտին մամուլի համատեղ ասուլիս են անցկացրել:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ասուլիսի ընթացքում Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Շվեդիայի իր գործընկերոջ հետ քննարկած մի շարք հարցեր, որոնց թվում է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Պատասխանելով այն հարցին, թե որ փուլում է նախատեսվում Լեռնային Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացում, Հայաստանի արտգործնախարարն իր համաձայնությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, որը հունիսի 8-ին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել էր պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը` ընդգծելով, որ առանց բանակցությունների բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության, հակամարտության կարգավորման գործընթացում անհնար է որևէ էական առաջխաղացում ակնկալել:

Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ անհնար կլինի անցնել երկրորդ փուլին, եթե Ղարաբաղի կողմից համաձայնություն չլինի հիմնարար սկզբունքների վերաբերյալ` տեղեկացնելով, որ երկրորդ փուլում նախատեսվում է մշակել, պատրաստել կարգավորման պայմանագիրը, ինչին, ըստ նախարարի, Լեռնային Ղարաբաղը միանշանակ պետք է մասնակից լինի:

«Մեզ համար խաղաղ կարգավորման հիմնաքարը այն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է իր ճակատագրի տերը» - շեշտել է Նալբանդյանը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվել Կազանում, քանի որ Կազանի հանդիպումից առաջ շատ լավատես հայտարարություններ են հնչում, Հայաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ արտգործնախարարությունը հաղորդագրություն էր տարածել Մոսկվայում կայացած նախարարների մակարդակով եռակողմ հանդիպումից հետո, որտեղ ասվել էր, որ կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները առանցքային մի շարք հարցերի շուրջ, և «եթե այդ դրական միտումը պահպանվի նաև Կազանում, ապա կկարողանանք դրական առաջընթաց արձանագրել»:

Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է նաև, որ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների Դովիլյան հայտարարության մեջ հստակ կոչ է արվում ժողովուրդներին նախապատրաստել խաղաղությանը` նշելով, որ դրա հակառակը կդատապարտվի միջազգային հանրության կողմից:

Մեկ այլ լրագրող, հիշեցնելով, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը վերջերս խոսել էր խաղաղապահների տեղակայման հարցում համաձայնության առկայության մասին, Էդվարդ Նալբանդյանին խնդրել է, այն հաստատելու դեպքում, նշել, թե որ երկրներն են ընդգրկված լինելու խաղաղապահ ուժերի կազմում և երբ են տեղակայվելու խաղաղապահները:

Այս հարցի կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ այն վեց դրույթների շարքում, որոնք հրապարակվել էին նախագահներ Օբամայի, Սարկոզիի և Մեդվեդևի կողմից Լ’Ակվիլայում և Մուսկոկայում, կար նաև Ղարաբաղի շուրջ խաղաղապահ գործողության մասին դրույթ և նշել, որ այս հարցի վերաբերյալ մանրամասներ վերջին երեք տարիների ընթացքում չեն քննարկվել: «Եթե չի քննարկվել, ապա որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել» - ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նմանատիպ

XS
SM
MD
LG