Մատչելի հղումներ

Լավրով. «Գործընթացն այն փուլում է, երբ անհրաժեշտ է որոշումներ կայացնել»


Լավրով. «Գործընթացն այն փուլում է, երբ անհրաժեշտ է որոշումներ կայացնել»
Լավրով. «Գործընթացն այն փուլում է, երբ անհրաժեշտ է որոշումներ կայացնել»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Հայաստանի իր պաշտոնակցի հետ հուլիսի 6-ին Մոսկվայում կայացած հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում, հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը «շատ շուտով» որոշում է կայացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջնորդության հետագա քայլերի շուրջ:

«Ռոսիա 24» հեռուստաընկերության փոխանցմամբ, Լավրովն ասել է, որ Անդրկովկասում ստեղծվող իրավիճակը մշտապես քննարկվել է իր և Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցությունների ընթացքում, և այս հանդիպման ժամանակ իրենք մտքեր են փոխանակել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Կազանում հունիսի 24-ին կայացած հանդիպման շուրջ:

«Մենք նշեցինք, որ Կազանում նախագահները հանդես են եկել մի շարք կարևոր խնդիրների շուրջ համաձայնություն ձեռք բերելու մասին հայտարարությամբ, ինչը նպաստում է Հիմնարար սկզբունքների շուրջ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու համար պայմաններ ստեղծելուն: Հուսով եմ, որ այս աշխատանքը շարունակվելու է նաև մոտ ապագայում», - իր բացման խոսքում նշել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Հարցուպատասխանի ընթացքում հայաստանյան լրատվամիջոցներից մեկի թղթակիցը խնդրել է Լավրովին մեկնաբանել «Բաքվից ուժի գործադրման վերաբերյալ շարունակվող սպառնալիքները», ինչպես նաև ուրվագծել բանակցային գործընթացի հետագա քայլերը:

Պատասխանելով հարցին` Սերգեյ Լավրովը միանշանակ շեշտել է, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում Դովիլում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հայտարարությունում նշված, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից մի քանի տարվա ընթացքում հավանության արժանացրած դիրքորոշմանը, որը ոչ միայն հաստատում է հակամարտությունը խաղաղ միջոցներով լուծելու իրենց հաստատած դիրքը, այլև պարունակում է մի շարք համաձայնություններ` ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը, վստահության ամրապնդմանը և միջադեպերի կանխարգելմանը:

«Ընդամենը մի քանի օր առաջ ԵԱՀԿ-ի կողմից շփման գծում իրականացված մեկ այլ մոնիթորինգի արդյունքները վկայում են այն մասին, որ պատահարների թիվը նվազում է: Սա դրական միտում է, և մենք անելուն ենք ամեն ինչ, որպեսզի այն գնալով ամրապնդվի և նշված համաձայնությունները ի կատար ածվեն», - ասել է Լավրովը` հավելելով. «Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա Դմիտրի Մեդվեդևը, որպես բանակցային գործընթացի միջնորդ, ավարտին է հասցրել Կազանի հանդիպումից հետո ձևավորված իրավիճակի վերլուծությունը և շատ շուտով որոշում է կայացնելու հետագա քայլերի վերաբերյալ»:

Պատասխանելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ներկայիս ձևաչափի արդյունավետությանը վերաբերող հարցին` Լավրովն ասել է, որ գործընթացն այն փուլում է, երբ «անհրաժեշտ է որոշումներ կայացնել»:

«Չեմ կարծում որ միջնորդության ձևաչափը փոխելու վերաբերյալ քննարկումները, մանավանդ վճռորոշ այլ փուլում, արդյունավետ կլինեն», - ասել է Լավրովը` հավելելով. «Միջնորդության ձևաչափը մշտապես փոփոխելու մասին գաղափարները շեղում են ուշադրությունը էական խնդիրներից»:

Նմանատիպ

XS
SM
MD
LG