Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի արձագանքել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Դովիլում ընդունված հայտարարությանը։
Արտգործնախարարության կայքում տեղադրված հաղորդագրությնում Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես նշել է, որ բարձր է գնահատում Նախագահներ Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Նալբանդյանի համաձայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարությունը կարևոր ուղերձներ է պարունակում և «կարող է խթան հանդիսանալ հիմնախնդրի հանգուցալուծման համար»:
«Հայաստանը միշտ կողմնակից է եղել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը և բազմիցս դա ապացուցել է գործնականում» - ասել է Հայաստանի արտգործնախարարը, - «ուստի պարզ է, թե ում է ուղղված այս առնչությամբ հայտարարության մեջ պարունակվող միանշանակ ուղերձը»:
Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին` որպես հիմնախնդրի կարգավորման համար բանակցությունների հիմք՝ նշելով, որ եթե Ադրբեջանը տա իր միանշանակ համաձայնությունը, ապա հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում:
«Ակնհայտ է, թե ում է հասցեագրված հայտարարության մեջ նաև այս կապակցությամբ հնչեցված ուղերձը» - եզրափակել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: