Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։
Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Լավրովը Հայաստան է ժամանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի նախագահին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը փոխանցելու նպատակով:
Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ–ի Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ամերիկայի Միացյյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների ջանքերը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահի շարունակական աջակցության համար և վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ շուտափույթ առաջխաղացման հասնելու շահագրգռվածությունը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ հայկական կողմն ուշադրությամբ կուսումնասիրի Դմիտրի Մեդվեդևի առաջարկություններն ու մոտ ժամանակներում կներկայացնի իր պատասխանը:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի խնդիրը լուծվի և լուծվի այնպես, որպեսզի մեր տարածաշրջանում, իսկապես, հաստատվի վերջնական խաղաղություն և կայունություն», - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի նախագահ Սարգսյանը:
Հանդիպման ընթացքում Սերգեյ Լավրովը նշել է, որ նախագահ Դմիտրի Մեդվեդևն անկեղծորեն շահագրգռված է, որպեսզի այս գործընթացը հաջողությամբ պսակվի և վստահ է, որ համաձայնության գալու բոլոր պայմաններն առկա են:
Նույն օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորվը այցելել է Բաքու և հանդիպում ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։