Ռուսատանի Սոչի քաղաքում երեքշաբթի օրը կայանալու է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ռուսական «Ինտեֆաքս» գործակալության փոխանցմամբ, բանակցությունների ընթացքում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Կասպից ծովի իրավական կարգավիճակի խնդիրները, ինչպես նաև երկկողմանի մի շարք խնդիրներ:
«Ինտեֆաքս»-ի համաձայն, երկու պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակելու Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ, որոնցից առաջնայինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ներկայիս իրավիճակի խնդիրն է:
Մեդվեդևն ու Ալիևը կանոնավոր հանդիպումներ են անցկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների շրջանակում եռակողմ ձևաչափով` Հայաստանի նախագահի Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ եռակողմ ձևաչափով վերջին հանդիպումը կայացել է Կազան քաղաքում հունիսի 24-ին: Հանդիպման արդյունքում նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի անունից տարածվել է համատեղ հայտարարություն, որտեղ, մասնավորապես, ասվել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները 2011 թվականի հունիսի 24-ին դիտարկեցին իրենց հանձնարարությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով տարվող աշխատանքի ընթացքը:
«Պետությունների ղեկավարները արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերում, որոնց լուծումը կնպաստի Հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երախտագիտություն հայտնեցին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդներին` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ նրանց մշտական ուշադրության համար և բարձր գնահատեցին պայմանավորվածությունների ձեռքբերմանն օժանդակելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ջանքերը» - նշվել է Կազանում անցկցված եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունում: