Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան), ամփոփելով հունիսի 6-ից 9-ը տարածաշրջան կատարված իրենց այցը, հանդես են եկել հայտարարությամբ, որով հորդորում են կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից և հայտարարություններից:

Համանախագահները մասնավորապես նշել են, որ Բաքու, Լեռնային Ղարաբաղ ու Երևան կատարված այցի ընթացքում, որին միացել է8 ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, իրենք առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ:

Այս հանդիպումների ընթացքում, ըստ համանախագահների, նախագահներ Մեդվեդևի, Ալիևի և Սարգսյանի հանդիպմանն ընդառաջ կողմերի հետ քննարկվել են Հիմնարար սկզբունքները վերջնական տեսքի բերելու և հավանության արժանացնելուն ուղղված քայլերը` մայիսի 26-ին նախագահներ Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի դովիլյան հայտարարության համաձայն:

Հայտարարությունում համանախագահները նշել են նաև, որ հունիսի 7-ին Աղդամի շրջանում իրենք կրկին անգամ հատել են շփման գիծը:

«Նախորդ տասը ամիսների ընթացքում մենք երեք անգամ ենք հատել շփման գիծը` նույնքան, որքան հատել ենք նախորդ տասնվեց տարիների ընթացքում», - ասել են համանախագահները` հավելելով, որ այս հանգամանքը վկայում է կողմերի միջև 1994 թվականին հաստատված զինադադարն ի կատար ածելու և պահպանելու գործում համագործակցության հնարավորության մասին:

«Այս առնչությամբ համանախագահները հորդորում են կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից և հայտարարություններից, որոնք այս վճռորոշ ժամանակաշրջանում կարող են հարցականի տակ դնել բանակցային գործընթացը» - ասված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում:

Նմանատիպ

XS
SM
MD
LG