Մատչելի հղումներ

Նալբանդյան. «Շարունակելու ենք բանակցությունները, որովհետև կարգավորման համար այլ ճանապարհ չկա»


Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան (արխիվային լուսանկար)
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան (արխիվային լուսանկար)

«Կազանը բեկումնային չեղավ, որովհետև Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը»։

Այս հայտարարությամբ Հայաստնաի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել Ռուսաստանի Կազան քաղաքում հունիսի 24-ին կայացած գագաթաժողովից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ անցկացված հանդիպման ընթացքում։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, Հայատանի արտգործնախարարը հիշեցրել է, որ Դովիլում եռանանագահող երկրները կոչ էին արել նախագահներին համաձայնության գալ Կազանում, նույն կոչը նախագահների հետ հեռախոսազրույցներում արել է նախագահ Օբաման, իսկ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին ուղերձներ էր հղել նախագահներն:

«Սակայն ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց և դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ», - ասել է Նալբանդհանը՝ կարծիք հայտնելով, որ«ամեն դեպքում, հանդիպումը օգտակար էր այն իմաստով, որ շարունակվեցին մանրամասն քննարկումները: Եվ կարևորն այն է, որ Նախագահ Մեդվեդևը, որը վերջին երեք տարվա ընթացքում մեծ ներդրում է ունեցել այս գործընթացում, իր պատրաստակամությունը հայտնեց շարունակել ջանքերը՝ սկզբունքների համաձայնեցման և դրանց շուրջ վերջնական համաձայնություն ձեռք բերելու համար»:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ կողմերի միջև վերջին երեք տարիների ընթացքում սա արդեն 12-րդ հանդիպումն էր՝ շեշտելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում այս սցենարը, երբ Ադրբեջանը նոր փոփոխություններով և առաջարկներով է հանդես գալիս, արդեն առնվազն չորրորդ անգամ է կրկնվում:

«Սա է իրականությունը, - ասել է Նալբանդյանը՝ հավելելով. - «Բայց շարունակելու ենք բանակցությունները, որովհետև կարգավորման համար այլ ճանապարհ չկա»:

«Միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով է հնարավոր լուծել հիմնախնդիրը» - լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

XS
SM
MD
LG