ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ՝ հունիսի 24-ին Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Կազանում կայանալիք եռակողմ հանդիպումից առաջ։
ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից հունիսի 23-ին տարածված հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ի նախագահը վերահաստատել է Մինսկի խմբի համանախագահներ՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահ Նիկոլա Սարկոզիի և Դմիտրի Մեդվեդևի հետ մայիսի 26-ին համատեղ արված հայտարարությունում իր ուղերձն այն մասին, որ եկել է ժամանակը, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերը պետք է վճռական քայլեր կատարեն՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ։
Նախագահ Օբաման հորդորել է երկու պետությունների ղեկավարներին նախագահ Մեդվեդևի հետ Կազանում հանդիպման ընթացքում վերջնական տեսքի բերել և հավանության արժանացնել հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքները։ «Հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելուց հետո, կողմերը կարող են սկսել բանակցություններ վերջնական կարգավորման շուրջ՝ հիմք ընդունելով ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման Հելսինկյան վերջնական ակտի սկզբունքները» - նշվում է հաղորդագրությունում։
Օբաման երկու պետությունների ղեկավարների հետ ունեցած իր զրուցում նշել է, որ «եկել է հակամարտությունը լուծելու և Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների կողմից իրենց և իրենց երեխաների համար ավելի պայծառ ապագա ապահովելու ժամանակը։ «Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցություն ցուցաբերել երկու պետությունների ղեկավարների և Մինսկի խմբի համանախագահներին՝ տարածաշրջանում անվտանգության և բարեկեցության հաստատմանն ուղղված իրենց կարևոր աշխատանքում» - ասված է ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից տարածված հաղորդագրությունում։