Լիբիայի ապստամբների հենակետ Բենգազի քաղաքում ուրբաթ օրը կայացել է հինգշաբթի օրը մահափորձի արդյունքում զոհված ապստամբների զինված ուժերի հրամանատարի հուղարկավորության արարողությունը:
«Ասոշիեյթիդ Փրես» գործակալության փոխանցմամբ, Աբդել Ֆաթահ Յունեսի հուղարկավորության արարողությանը մասնակցել են հազարավոր մարդիկ:
Լիբիայի ընդդիմադիր Անցումային ազգային խորհրդի ղեկավար Մուսթաֆա Աբդել Ջալիլի համաձայն, Յունեսի և իրեն ուղեկցող գնդապետի կոչում ունեցող երկու անձանց սպանությունն իրականացվել է ընդդիմության դատական հանձնաժողովի կողմից «ռազմական խնդիրներին քննարկմանը նվիրված» կայանալիք հարցաքննությանը ուղևորվելու ժամանակ:
Բացի դրանից, Ջալիլը հինգշաբթի օրն ասել է, թե ձերբակալվել է սպանությունն իրականացրած զինյալների խմբի առաջնորդը:
Ջալիլը սակայն հստակ չի նշել, թե ով է կազմակերպել այս հարձակումը:
Ընդդիմադիրների ներկայացուցիչներն ավելի վաղ նշել են, թե Յունեսը ձերբակալվել է իր ընտանիքի անդամների կողմից մինչ այժմ Մուամար Քադաֆիի մերձավորների հետ կապեր պահպանելու կասկածանքների հիման վրա:
Յունեսը, մինչև փետրվար ամսին Լիբիայում ապստամբության առաջին օրերին ընդդիմադիրների կողմն անսպասելիորեն անցնելուց առաջ, եղել է Լիբիայի ղեկավար Քադաֆիի կառավարության ներքին գործերի նախարարն ու վստահված ամենամոտ անձանցից մեկը: