ՆԱՏՕ-ն օդային հարված է հասցրել Լիբիայի կառավարական ուժերի ուղղությամբ

ՆԱՏՕ-ն օդային հարված է հասցրել Լիբիայի կառավարական ուժերի ուղղությամբ

ՆԱՏՕ-ի օդային ուժերի հարվածի թիրախ են շաբաթ օրը դարձել Լիբիայի արևմտյան Միսրաթա քաղաքի մոտակայքում գտնվող կառավարական ուժերի դիրքերը։

ՆԱՏՕ-ի հաղորդագրության համաձայն, ռազմական ինքնաթիռները հարված են հասցրել Միսրաթայից դեպի հարավ գտնվող Թավուրղա փոքր քաղաքում տեղակայված հրթիռների արձակման կայանքների ուղղությամբ։

Դաշինքի կողմից հրապարակված հայտարարության համաձայն, Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերն այս դիրքերն օգտագործում էին Միսրաթայի բնակիչների վրա հարձակումներ իրականացնելու համար։

Ուրբաթ օրն առնվազն հինգ ապստամբ էր զոհվել և մեկ տասնյակից ավելին` վնասվածքներ ստացել քաղաքի ուղղությամբ կառավարական ուժերի կողմից բացված հրետանային կրակի պատճառով։