ԱՄՆ-ի Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի համաձայն, Միացյալ Նահանգները հետաձգել է Պակիստանին 800 միլիոն դոլար չափով ռազմական օգնության տրամադրումը։ Որոշ վերլուծաբանների համաձայն, այս քայլով ԱՄՆ-ը փորձում է ճնշում գործադրել Պակիստանի զինված ուժերի վրա՝ վերջինիս կողմից համագործակցության բարելավմանը ստիպելու նպատակով։
ԱՄՆ-ի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ուիլյամ Դեյլիի համաձայն, չնայած Միացյալ Նահանգների հարաբերությունները Պակիստանի հետ դժվար են և բարդ, սակայն ժամանակի ընթացքում դրանք կարող են հարթվել։
«Պակիստանը ահաբեկչության դեմ պայքարում միշտ կարևոր դաշնակից է եղել։ Ահաբեկչությունը նրանց նույնպես ահռելի վնաս է հասցրել, սակայն ներկայում նրանք ձեռնարկել են որոշ քայլեր, որոնք տեղիք են տվել հետաձգելու օգնության այն մասը, որը տրամադրվում է այս երկրի զինված ուժերին։ Սակայն մենք փորձում ենք հաղթահարել այս իրավիճակը» - ասել է նա։
Դեյլին այս հայտարարությամբ հանդես է եկել կիրակի օրը ամերիկյան «Էյ-Բի-Սի» հեռուստաընկերության «Այս շաբաթը» («This Week») հեռուստածրագրում՝ պատասխանելով Միացյալ Նահանգների կողմից Պակիստանի զինված ուժերին տրամադրվող հարյուրավոր միլիոն դոլարների օգնության տրամադրումը հետաձգելու մասին հայտնած «Նյու Յորք Թայմս» ամերիկյան օրաթերթի հոդվածը մեկնաբանելու մասին հարցին։
Դեյլին հստակ չի նշել, թե Պակիստանը ինչ քայլեր է ձեռնարկել, որոնք բերել են Միացյալ Նահանգերի կողմից ֆինանսավորումը հետաձգելուն։ «Նյու Յորք Թայմս» թերթի հոդվածում մեջ է բերվել Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց կողմից տրամադրված տեղեկություններն այն մասին, որ երկիրն այս քայլին դիմում է՝ ի պատասխան Իսլամաբադի կողմից, ի թիվս այլ գործողությունների, Միացյալ Նահանգների ռազմական հրահանգիչներին երկրից վտարելու, ինչպես նաև ԱՄՆ-ի այլ անձնակազմին տրամադրվող մուտքի արտոնագրերի թվի սահմանափակման։
Վերլուծաբանների համաձայն, հետաձգումը նաև նպատակ է հետապնդում Պակիստանի վրա ճնշում գործադրել՝ ուղղված Միացյալ Նահանգների հետ զինյալների դեմ պայքարում առավել սերտ համագործակցություն ծավալելուն։
Վաշինգտոնի և Իսլամաբադի միջև հարաբերությունները վերջին ամիսների ընթացքում գնալով է՛լ ավելի լարված են դարձել։ Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարական անձնակազմի ղեկավար, ծովակալ Մայք Մյուլենի մեկնաբանությունը մայիս ամսին ծեծի ենթարկված պակիստանցի լրագրող Սալիմ Շահզադի մահվան վերաբերյալ առաջացրել է Պակիստանի իշխանությունների խիստ բացասական արձագանքը։ Մյուլենն ասել էր, թե չնայած սպանությունը հնարավոր չէ վերագրել Պակիստանի պետական որևէ գործակալության, ինքն այնուամենայնիվ Իսլամաբադի կողմից սպանությունը հավանության արժանացնելու մասին հաղորդագրությունները հերքող որևէ հաղորդագրության մասին տեղյակ չէ։
Պակիստանի կառավարությունը քննադատել է այս մեկնաբանությունը՝ անվանելով այն «ծայրահեղ անպատասխանատու և անտեղի»։
Վաշինգտոնից իր գործունեությունն իրականացնող «Մերձավոր Արևելքի Ինստիտուտ» կազմակերպության հետազոտող Մարվին Վայնբաումի համաձայն, Միացյալ Նահանգների վարչակազմի այս քայլը «մեծ խաղագումարով» խաղի է նման, որի արդյունքում քիչ է հավանական, որ Պակիստանը կբարելավի համագործակցությունը։ Վայնբաումն ասել է, որ Միացյալ Նահանգների կողմից օգնության հետաձգումը Պակիստանի համար ավելի է դժվարացնելու պայքարը զինյալների դեմ իր սահմանամերձ գոտում։
ԱՄՆ-ի Կոնգրեսի հետազոտական ծառայության զեկույցի համաձայն, անցած տարի Միացյալ Նահանգների կողմից Պակիստանին տրամադրված ռազմական և քաղաքացիական օգնության ծավալը կազմել է մոտ չորս ու կես միլիարդ դոլար։ Ռազմական օգնությունը կազմել է օգնության ընդհանուր ծավալի մոտ կեսը, կամ 2,7 միլիարդ դոլար։