Պակիստանի պաշտպանության նախարարը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Միացյալ Նահանգների կողմից այս երկրին տրամադրվող ռազմական օգնության 800 միլիոն դոլարով կրճատելու դեպքում այն կարող է դուրս բերել Աֆղանստանի հետ սահմանամերձ շրջաններում զինյալների դեմ պայքար մղող զինծառայողներին:
Ահմեդ Մուխթարը երեքշաբթի օրը Պակիստանի լրատվամիջոցներում հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Իսլամաբադը չի կարող հոգալ լեռներում իր զինծառայողներին երկար ժամանակ պահելու հետ կապված ծախսերը:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության խոսնակ, գնդապետ Դեյվիդ Լեփընը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի օգնության տրամադրման հետաձգումն անմիջապես կապված է այս երկրից Միացյալ Նահանգների ռազմական հրահանգիչներին երկրից վտարելու, ինչպես նաև ԱՄՆ-ի այլ անձնակազմին տրամադրվող մուտքի արտոնագրերի թվի սահմանափակման հետ:
Վաշինգտոնի և Իսլամաբադի միջև հարաբերությունները վերջին ամիսների ընթացքում գնալով է՛լ ավելի լարված են դարձել։ ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարական անձնակազմի ղեկավար, ծովակալ Մայք Մյուլենի կողմից վերջերս արված մեկնաբանությունը մայիս ամսին ծեծի ենթարկված պակիստանցի լրագրող Սալիմ Շահզադի մահվան վերաբերյալ առաջացրել է Պակիստանի իշխանությունների խիստ բացասական արձագանքը։ Մյուլենն ասել էր, թե չնայած սպանությունը հնարավոր չէ վերագրել Պակիստանի պետական որևէ գործակալության, ինքն այնուամենայնիվ Իսլամաբադի կողմից սպանությունը հավանության արժանացնելու մասին հաղորդագրությունները հերքող որևէ հաղորդագրության մասին տեղյակ չէ։
Պակիստանի կառավարությունը քննադատել է այս մեկնաբանությունը՝ անվանելով այն «ծայրահեղ անպատասխանատու և անտեղի»։
Վաշինգտոնից իր գործունեությունն իրականացնող «Մերձավոր Արևելքի Ինստիտուտ» կազմակերպության հետազոտող Մարվին Վայնբաումի համաձայն, Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից Պակիստանին ռազմական օգնության նվազեցնելու մասին որոշումը «մեծ խաղագումարով» խաղի է նման, որի արդյունքում քիչ է հավանական, որ Պակիստանը կբարելավի համագործակցությունը։ Վայնբաումն ասել է, որ Միացյալ Նահանգների կողմից օգնության հետաձգումը Պակիստանի համար ավելի է դժվարացնելու պայքարը զինյալների դեմ իր սահմանամերձ գոտում։
ԱՄՆ-ի Կոնգրեսի հետազոտական ծառայության զեկույցի համաձայն, անցյալ տարի Միացյալ Նահանգների կողմից Պակիստանին տրամադրված ռազմական և քաղաքացիական օգնության ծավալը կազմել է մոտ չորս ու կես միլիարդ դոլար։ Ռազմական օգնությունը կազմել է օգնության ընդհանուր ծավալի մոտ կեսը, կամ 2,7 միլիարդ դոլար։