Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահի պատասխաններն «Ամերիկայի Ձայն»-ին


ԱՄՆ-ի նախագահի պատասխաններն «Ամերիկայի Ձայն»-ին
ԱՄՆ-ի նախագահի պատասխաններն «Ամերիկայի Ձայն»-ին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունիսի 22-ին Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման որոշման մասին հայտարարելուց հետո, պատասխանեց «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի հարցերին։

Հարցազրույցի ընթացքում քննարկվել են Աֆղանստանից զորքերի դուրսբերմանը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Աֆղանստանի ապագային վերաբերող հարցեր։

Պատասխանելով ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման նկատմամբ Աֆղանստանի ժողովրդի ընկալմանը վերաբերող հարցին, նախագահ Օբաման շեշտեց, որ Միացյալ Նահանգների զորքերը դուրս են բերվելու այն պայմաններում, երբ Աֆղանստանի ուժերը պատրաստ են պայքարել երկրում անվտանգությունն ապահովելու համար։ Նախագահ Օբաման հույս հայտնեց, որ Աֆղանստանի հետ կշարունակվի տնտեսական և զարգացման ոլորտներում համագործակցությունը։

Օբամայի խոսքերով, դուրսբերման մասին որոշումն ընդունվել է գեներալ Փեթրեուսի և դաշտային հրամանատարների հետ համատեղ քննարկումներից հետո՝ համոզվելով, որ դրանով ապահովվում է անհրաժեշտ հավասարակշռություն և չի վտանգվում Աֆղանստանի ժողովրդի անվտանգությունը։ Նախագահի համաձայն, զորքերի դուրսբերումը պետք է նաև որպես իրենց երկրի անվտանգությունն ապահովելու գործում պատասխանատվություն ստանձնելու նշան ընկալվի Աֆղանստանի ժողովրդի կողմից։

Անդրադառնալով Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի կողմից ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հասցեին պարբերաբար արվող քննադատական հայտարարություններին` ԱՄՆ-ի նախագահն ընդունեց, որ բազմաթիվ օտարերկրյա զինծառայողների ներկայության դեպքում որոշ դժվարություններ անխուսափելի էին, սակայն հավելեց նաեւ, որ «Քարզայի կողմից ստանձնած պարտավորությունները լիովին համընկել են ԱՄՆ-ի շահերի հետ»։

Խոսելով Աֆղանստանում վարվող պատերազմից ԱՄՆ-ում նկատվող «հոգնածության» մասին, նախագահ Օբաման շեշտեց, որ Միացյալ Նահանգներն ու եվրոպական դաշնակիցները ցանկանում են համոզված լինել, որ ավարտի են հասցնելու Աֆղանստանում սկսված անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքները։

Հարցազրույցում Օբաման նշեց, որ Աֆղանստանի ժողովրդի կողմից զորքերի աստիճանաբար դուրսբերումը չպետք է դիտվի որպես իր նպատակները լքելու նշան, քանի որ, թեև մինչև հաջորդ տարվա ամառ երկրից հեռանալու է ամերիկյան 23 հազար զինծառայող, դեռ որոշ ժամանակ այս երկրում մնալու է ԱՄՆ-ի 68 հազար բանակային։ Այստեղ են լինելու նաեւ դաշնակիցների զորքերը։ Օբամայի խոսքերով, Աֆղանստանի ուժերը պետք է աստիճանաբար է՛լ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն երկրում անվտանգությունն ապահովելու գործում։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները սատարում է ԱՖղանստանում ներքին հարաբերությունների բարելավման գործընթացը և արդյոք թալիբների որոշ տարրերի հետ բանակցություններ են վարվում, նախագահն ասաց, որ բանակցային գործընթացին մասնակցելու ցանկություն հայտնած ցանկացած կողմ պետք է խոստում տա, որ առաջնորդվելու է Աֆղանստանի սահմանադրությամբ և խզելու է «ալ-Քաիդայի» հետ բոլոր կապերը։ «Կարևոր է», - ասաց Օբաման, - «որ թալիբներն ու այլոք հասկանան, որ մենք շարունակելու ենք ճնշում գործադրել իրենց նկատմամբ՝ բանակցային գործընթացն Աֆղանստանի սահմանադրական իրավունքը հարգելու ոգով մեկնարկելու նպատակով»։

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Պակիստանին տրվող ուշադրությանը` Օբաման շեշտեց, որ Պակիստանը, Աֆղանստանի նման, տուժում է նույն խնդրի առկայության պատճառով, և Պակիստանի շահերից է բխում Աֆղանստանում հարաբերությունների բարելավման գործընթացին նպաստելը։ Նա ասաց, թե Պակիստանը, ընդհանուր առմամբ, համագործակցել է ԱՄՆ-ի հետ՝ իր տարածքում հետախուզական տվյալների և կարևոր թիրախների ոչնչացման գործում։ Բացի այդ, ըստ ԱՄՆ-ի նախագահի, «Պակիստանը խիստ շահագրգռված է իր տարածքում դեռևս գործող ահաբեկչական տարրերին վերացնելու գործում»։

«Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը նախագահ Օբամային հարց ուղղեց նաև այն մասին, թե որքանով է բյուջետային ներկա ճգնաժամը որոշում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում կատարվող փոփոխությունները։

Պատասխանելով այս հարցին՝ ԱՄՆ-ի նախագահը հիշեցրեց, որ ներկայիս քայլերը իրականացվում են ոչ թե բյուջեի իրավիճակից ելնելով, այլ իրականացնելով այն խոստումը, որն ինքը թվել էր ամերիկացիներին, ըստ որի Աֆղանստանում զինծառայողների թվի աճը շարունակվելու էր ընդամենը 18-ից 24 ամիս։ Նախագահն ընդգծեց, որ Աֆղանստանում անվտանգության պահպանման վերահսկողությունը պետք է իրականացնեն հենց իրենք՝ աֆղանստանցիները, և որ այս մոտեցումը երկրում անվտանգությունը պահպանելու միակ երկարաժամկետ կայուն եղանակն է։

Նախագահ Օբաման շեշտեց նաև, որ Միացյալ Նահանգները հսկայական գումարներ է ներդրել Աֆղանստանում և Իրաքում վարվող երկու պատերազմներում։

«Զորքերի դուրսբերման վերաբերյալ ամերիկացիների հետ խոսելու ընթացքում իմ կողմից բերված փաստարկներից մեկը եղել է այն, որ մեր հզորությունը առաջին հերթին հիմնված է եղել մեր տնտեսական հզորության և բարեկեցության վրա։ Պետք է ավելի խելամիտ լինենք այս հզորությունն օգտագործելու հարցում։ Սա լավ ռազմավարություն է, ինչպես մեր ազգային անվտանգության, և պարզվում է՝ նաև մեր բյուջեի համար», - եզրափակելով «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցն, ասաց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։

XS
SM
MD
LG