Աֆղանստանի հարավային Ուրուզգան նահանգում ինքնասպան ահաբեկիչների կողմից հարձակման են ենթարկվել պետական հիմնարկությունների գրասենյակները:
Երկրի պետական պաշտոնյաների համաձայն, հինգշաբթի օրն առնվազն երեք ինքնասպան պայթյուն են իրականացրել, իսկ այլ ահաբեկիչներ հարձակում են կատարել ոստիկանների վրա:
Հարձակումների պատճառով զոհվել է առնվազն 17, վնասվածքներ ստացել՝ 37 մարդ:
Ահաբեկիչների կողմից հարձակման ենթարկվել են կառավարական շենքերի համալիրը և ոստիկանապետի գրասենյակը:
Աֆղանստանի հարավային Ղանդահար քաղաքի քաղաքապետը երեկ զոհվել է ինքնասպան ահաբեկչի հարձակման պատճառով:
Ականատեսների համաձայն, քաղաքապետ Ղուլամ Հայդեռ Համիդիի մահը վրա է հասել, երբ ինքնասպա ահաբեկիչը պայթեցրել է իր չալմայում պահված ռումբը:
Հարձակման համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները, որոնք հայտնել են, թե քաղաքապետի սպանությունը վրեժխնդրություն է քաղաքում անօրինական կառուցված շենքերի վերջերս իրականացված քանդման ընթացքում մեկ կնոջ և երկու երեխայի մահվան համար:
Ղանդահարի քաղաքագլխի սպանությունն իրականացվել է նույն քաղաքում մեկ շաբաթ առաջ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի ավագ խորհրդատուի և երկու շաբաթ՝ նախագահի եղբոր սպանությունից հետո:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի կրտսեր եղբոր սպանությունն իրականացվել էր Ղանդահար քաղաքում` իր անվտանգությունն ապահովող ստորաբաժանման ավագ ծառայողի կողմից, որից հետո սպանությունն իրականացրած անձը սպանվել է Վալի Քարզայի թիկնապահների կողմից բացված կրակից:
Այս սպանության համար ևս պատասխանատվություն էին ստանձնել թալիբները: