Մատչելի հղումներ

Ահաբեկչական հարձակում Աֆղանստանում` Քարզայի հանգուցյալ եղբոր հիշատակի արարողության ժամանակ


Ինքնասպան ահաբեկիչը հարձակում է կատարել Աֆղանստանի հարավային Կանդահար քաղաքում գտնվող մզկիթում, որտեղ այդ ժամանակ անցկացվում էր երկրի նախագահ Համիդ Քարզայի հանգուցյալ եղբոր հիշատակին նվիրված արարողությունը:

Հարձակման պատճառով զոհվել է չորս մարդ:

Երկրի ներքին գործերի նախարարը հինգշաբթի օրը հայտնել է, որ պայթյունի պատճառով զոհվել է Կանդահարի կրոնական խորհրդի նախագահը, զոհվածների թվում կա նաև մի երեխա:

Պայթյունի պատճառով վնասվածքներ է ստացել 15 մարդ, որոնց թվում` երկրի խորհրդարանի պատգամավորներից մեկը:

Նախագահ Քարզայի սպանված եղբայր Ահմադ Վալի Քարզայի հոգեհանգստի ծառայությանը մասնակցել են մի քանի բարձրաստիճան դաշնային և նահանգային պաշտոնյա, ներառյալ նախարարների և օրենսդիրների: Աֆղանստանի պաշտոնատար անձանց համաձայն, պայթյունը տեղի է ունեցել, երբ ահաբեկիչը գործարկել է իր չալմայում թաքնված պայթուցիկ սարքը:

Պայթյունից հետո պաշտոնատար անձինք ապահով վայր են տեղափոխվել:

Ահաբեկչի այս հարձակումը տեղի է ունեցել Վալի Քարզայի հուղարկավորության արարողությունից մեկ օր անց:

Ահմադ Վալի Քարզայի սպանությունն իրականացվել է երեքշաբթի օրը Կանդահար քաղաքում` իր անվտանգությունն ապահովող ստորաբաժանման ավագ անդամ Սարդար Մոհամադի կողմից, որից հետո սպանությունն իրականացրած անձը սպանվել է Վալի Քարզայի թիկնապահների կողմից բացված կրակից:

Սպանության համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները:

Աֆղանստանի պաշտոնատար անձինք սակայն հայտնել են, որ դեռևս պարզ չէ, արդյոք Վալի Քարզայի սպանության պատճառ է դարձել զինյալների գործունեությունը, թե ներքին տարաձայնությունները։

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Դեյվիդ Փեթրեուսը երեքշաբթի օրն ասել է, որ դատապարտում է Վալի Քարզայի սպանությունը` հավելելով, որ ՆԱՏՕ-ի ուժերը կաջակցեն սպանության համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու Աֆղանստանի իշխանությունների ջանքերին։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նույնպես քննադատել է Վալի Քարզայը սպանությունը։

XS
SM
MD
LG