Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի կրտսեր եղբայրը, որը բավականին մեծ կշիռ ուներ երկրի հարավում, երեքշաբթի օրը սպանվել է իր տանը` վստահված թիկնապահներից մեկի կողմից բացված կրակից:
Աֆղանստանի հետախուզական ծառայության աշխատողներից մեկը իր անվան գաղտնիության պայմանով հայտնել է, որ Ահմադ Վալի Քարզայի սպանությունն իրականացրել է Կանդահար քաղաքում` իր անվտանգությունն ապահովող ստորաբաժանման ավագ անդամներից մեկի կողմից, որից հետո սպանությունն իրականացրած անձը, որի անունը Սարդար Մոհամադ է, սպանվել է Վալի Քարզայի թիկնապահների կողմից բացված կրակից:
Սպանության համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Համիդ Քարզայը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իր կրտսեր եղբոր սպանությունը մարմնավորում է Աֆղանստանի ժողովրդի տառապանքները:
Ահմադ Վալի Քարզայի գործունեությունը, որը գլխավորել է Կանդահար հարավային նահանգի կառավարման խորհուրդը, եղել է վիճահարույց: Նախագահ Քարզայի եղբայրն այս շրջանում համարվում էր քաղաքական ամենաազդեցիկ գործիչը և թալիբների դեմ պայքար մղող միջազգային ուժերի հիմնական դաշնակիցը: Դրա հետ մեկտեղ Վալի Քարզայը մեղադրվել է կաշառակերության և թմրանյութերի անօրինական վաճառք իրականացնելու մեջ, սակայն բազմիցս մերժել է այդ մեղադրանքները:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Դեյվիդ Փեթրեուսը երեքշաբթի օրն ասել է, որ դատապարտում է Վալի Քարզայի սպանությունը` հավելելով, որ ՆԱՏՕ-ի ուժերը կաջակցեն սպանության համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու Աֆղանստանի իշխանությունների ջանքերին:
Վալի Քարզային նախկինում հաջողվել է փրկվել իր դեմ վերջին մի քանի տարվա ընթացքում իրականացրած առնվազն երկու մահափորձից:
Զինյալները 2009 թվականի մայիսի հարձակում էին իրականացրել իրեն տեղափոխող ավտոշարասյան ուղղությամբ, որի պատճառով զոհվել էր Քարզայի թիկնապահներից մեկը:
Ավելի վաղ Վալի Քարզային հաջողվել էր կենդանի մնալ Կանդահարում տեղական ինքնակառավարման խորհրդի գրասենյակի ուղղությամբ իրականացված հարձակումից հետո: