Մատչելի հղումներ

Գեյթս. «Թալիբների հետ շփումները «շատ նախնական» փուլում են»


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Գեյթսը՝ Պենտագոնում անցկացված ասուլիսի ժամանակ (արխիվային լուսանկար)
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Գեյթսը՝ Պենտագոնում անցկացված ասուլիսի ժամանակ (արխիվային լուսանկար)

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, որը շուտով հրաժեշտ է տալու զբաղեցրած պաշտոնին, նախքան հեռանալը տված իր վերջին հարցազրույցներից մեկում հաստատել է Միացյալ Նահանգների և թալիբների միջև շփումների հանգամանքը՝ հավելելով, որ վերջիններիս և Աֆղանստանի կառավարության միջև հաշտեցման համար բավական շատ ժամանակ է պահանջվելու։

Այս հայտարարությամբ Գեյթսը հանդես է եկել ԱՄՆ-ի հեռուստատեսությամբ՝ ասելով, թե չնայած ԱՄՆ-ի դիվանագետների և թալիբների միջև վերջին մի քանի շաբաթվա ընթացում տեղի ունեցած շփումներին, այս պահին դրանք «շատ նախնական» փուլում են։

Նա հայտնել է նաև, որ մի քանի պետություն փորձում են կապեր հաստատել զինյալների այս խմբի հետ, սակայն նշել է նաեւ, որ գործընթացը բավական բարդ է։ Գեյթսի համաձայն, դժվար է նույնիսկ որոշել, թե թալիբների առաջնորդներից ով բանակցելու լիազորություն ունի։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն այս հայտարարությամբ հանդես է եկել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի այն հայտարարությունից մեկ օր անց, որի համաձայն Միացյալ Նահանգներն ու օտարերկրյա այլ տերություններ Աֆղանստանում արդեն շուրջ տասը տարի վարվող պատերազմը կարգավորելու վերաբերյալ թալիբների հետ բանակցություններ են անցկացնում։

XS
SM
MD
LG