Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի եղբոր համաձայն, ՆԱՏՕ-ի ուժերը Աֆղանստանի հարավում իրականացվող գործողությունների ընթացքում սխալմամբ սպանել են նրա ազգականներից մեկին:
Յար Մոհամմադ Խանը սպանվել է Կանդահար նահանգի Դանդ շրջանում գտնվող իր տանը չորեքշաբթի երեկոյան` այս տարածքում դաշնակից ուժերի կողմից զինյալների հետապնդման գործողություններ իրականացնելու ընթացքում:
Աֆղանստանի և ՆԱՏՕ-ի պաշտոնատար անձանց համաձայն, սկսվել է միջադեպի հետաքննությունը։
Դաշնակից ուժերը հինգշաբթի առավոտյան հայտնել են, որ ՆԱՏՕ-ի և Աֆղանստանի ուժերը Քանդահար քաղաքում չորեքշաբթի օրն անցկացված ռազմական գործողությունների արդյունքում գերի են վերցրել թալիբների առաջնորդներից մեկին, ոչնչացրել մի զինյալի և ձերբակալել մի քանի այլոց: Դեռևս հայտնի չէ, արդյոք այս գործողությունների պատճառով զոհված անձն է եղել Աֆղանստանի նախագահի ազգականը:
Նախագահ Քարզայը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ՆԱՏՕ-ի գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց զոհվելու դեպքերն անընդունելի են: Նա հինգշաբթի օրը կոչ է արել ՄԱԿ-ին ճնշում գործադրել ՆԱՏՕ-ի նկատմամբ` ստիպելով դաշինքի ծառայողներին մարտական գործողություններ իրականացնելու ընթացքում առավել մեծ ուշադրություն ցուցաբերել քաղաքացիական անձանց պաշտպանելու հարցում: