«Օսամա բին Լադենի մահից հետո «Ալ-Քաիդա»-ի և նրա դաշնակիցների դեմ պայքարը չի ավարտվել, և Պակիստանն ահաբեկչության դեմ վարվող պայքարում կարևոր գործընկեր է մնում»։
ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը հանդես է եկել այս հայտարարությամբ՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով Հռոմում։ Քլինթընը հավելել է, որ Պակիստանի հետ հարաբերությունները միշտ չէ, որ հարթ են եղել՝ հավելելով, որ Միացյալ Նահանգերը շարունակելու է համագործակցել այս երկրի կառավարության, իրավապահ մարմինների և ժողովրդի հետ։
ԱՄՆ-ի օրենսդիրները չորեքշաբթի օրը խիստ քննադատության են ենթարկել Պակիստանի իշխանություններին՝ պնդելով, թե այնտեղ տեղյակ են եղել բին Լադենի գտնվելու վայրի մասին։
Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանին Փարիզ կատարած իր այցի ընթացքում նշել է, թե այն հանգամանքը, որ բին Լադենը կարողացել է թաքնվել «աչքի առջև», վկայում է ոչ միայն Պակիստանի, այլև ամբողջ աշխարհի հետախուզական գործակալությունների աշխատանքում թերությունների մասին։
Գիլանին ասել է նաև, որ իր երկիրը «լուծման, այլ ոչ թե խնդրի մաս է կազմում»։