Միացյալ Նահանգների իշխանությունները հրապարակել են Օսամա բին Լադենի թաքստոցում հայտնաբերված մի քանի տեսանյութ, որոնք առգրավվել են բին Լադենի դեմ ուղղված գործողությունն իրականացրած ԱՄՆ-ի զինուժի հատուկ ջոկատայինների կողմից։
Հարձակման արդյունքում առգրավված նյութերը, ԱՄՆ-ի իշխանությունների համաձայն, պատմության մեջ ահաբեկչական գործունեության հետ կապված տվյալների ամենամեծ հավաքածուն է։
Տեսանյութերի վերաբերյալ մանրամասներ տրամադրած հետախուզական ծառայության սպան հայտնել է, թե համակարգչային հիշասարքերից և այլ նյութերից ձեռք բերված տեղեկությունների համաձայն, բին Լադենը «ակտիվորեն մասնակցել է» ալ-Քաիդայի գործողությունների նախապատրաստմանն ու մեծ ուշադրությամբ հետևել սեփական ուղերձների հեռարձակումները։
ԱՄՆ-ի իշխանությունների կողմից հրապարակված տեսանյութերից հանված է ձայնը։
Միացյալ Նահանգների իշխանությունները, ուսումնասիրելով առգրավված տեսանյութերը, փորձում են հավելյալ տեղեկություններ ստանալ «ալ-Քաիդա»-ի ապագա հարձակումների ծրագրերի և ահաբեկչական խմբավորման առաջնորդների գտնվելու վայրի մասին։