Պակիստանի հատուկ ուժերը, թալիբների հետ ավելի քան 17 ժամ տևած մարտի արդյունքում վերականգնել են ռազմածովային կայանի նկատմամբ վերահսկողությունը:
Թալիբների այս հարձակումը մտահոգություն է առաջացրել զինյալներից պաշտպանվելու Պակիստանի հնարավորության մասին:
Պակիստանի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիքը երկուշաբթի օրը հայտնել է, որ Կարաչի հարավային նավահանգստային քաղաքում տեղի ունեցած «հանդուգն հարձակման» պատճառով զոհվել է անվտանգության ուժերի տասը, վնասվածքներ ստացել` 14 ծառայող:
Մալիքի համաձայն, զինյալների լավ պատրաստված մի խմբի, որի կազմում, տարբեր հաղորդագրությունների համաձայն, ընդգրկված է եղել չորսից վեց զինյալ, կիրակի օրն ուշ երեկոյան հաջողվել է մուտք գործել ռազմածովային կայան: Նախարարի համաձայն, զինյալներից չորսը սպանվել են, և, ենթադրաբար, երկուսին հաջողվել է փախչել:
Թալիբների խոսնակը հայտնել է, որ հարձակումն իրականացվել է` ի պատասխան «ալ-Քաիդա»-ի առաջնորդ Օսամա բին Լադենի սպանության:
Պակիստանի իշխանությունների համաձայն, հարձակման հետևանքով ոչնչացվել է այս երկրին ԱՄՆ-ի կողմից վերջերս փոխանցված ծովային հետախուզման երկու ինքնաթիռ: