Մատչելի հղումներ

Ի՞նչ իրավիճակ է ռուսական զենքի վաճառքի ոլորտում


Ռուսաստանի նախագահ Պուտինն այցելել է Նիժնի Տագիլում գտնվող «Ուրալվագոնզավոդ» ռազմաարդյունաբերական գործարանը, 11/25/2015թ.
Ռուսաստանի նախագահ Պուտինն այցելել է Նիժնի Տագիլում գտնվող «Ուրալվագոնզավոդ» ռազմաարդյունաբերական գործարանը, 11/25/2015թ.

Դուբայի միջազգային ավիաշոուն ցույց տվեց, որ ուկրաինական ճակատում ձախողումները հանգեցրել են ռուսական զենքի նկատմամբ պահանջարկի հետագա անկմանը։

Ի՞նչ է կատարվում ռուսական զենքի արտահանման հետ, որի վաճառքը կտրուկ նվազել է: Այս նոյեմբերի 13-17-ը Դուբայում կայացած ավիաշոուի ընթացքում ռուսաստանյան ռազմաարդյունաբերության «հսկաներ» «Рособоронэкспорт»-ը, «ОАК»-ը, «Ростех»-ը, «Алмаз-Антей»-ը այդպես էլ չկարողացան կնքել որևէ լուրջ գործարք, թեև ներկայացված էին շուրջ 250 նմուշներ։ Համեմատության համար՝ նույն օրերին «Boeing»-ը ստացել է 295 ինքնաթիռի պատվեր, «Airbus»-ը՝ 86-ի, իսկ Դուբայում անցկացված նախորդ ցուցադրության ժամանակ (2021 թվական) Ռուսաստանը նքել էր շուրջ 1,3 միլիարդ դոլարի պայմանագրեր՝ ըստ բաց աղբյուրների:

Այսպիսով, ի՞նչ էր ներկայացրել Ռուսաստանը 2023 թվականի ավիաշոուի ընթացքում: Նմուշների թվում էր «Il-76MD-90AE» ռազմատրանսպորտային ինքնաթիռը։ Դրա տեխնիկական բնութագիրը վկայում է, որ այն ընդամենը տասնամյակներ շարունակ արդիականացված ինքնաթիռ է՝ 1966 թվականից ի վեր: Այն առաջին անգամ թռիչք իրականացրեց ի պատիվ ԽՄԿԿ XXIV համագումարի՝ 52 տարի առաջ։ Ւնքնաթիռի ներկայիս տարբերակը մշակվել է 2006-2011 թվականներին, և այն առաջին անգամ գործածվել է 11 տարի առաջ: Հինգ տարի առաջ այն արդեն ցուցադրվել էր օտարերկրյա գնորդներին՝ Ղազախստանում կայացած ցուցահանդեսին։

Ռուսաստանը Դուբայ է բերել իր «ռուս դյուցազուններ» ավիացիոն թիմը, որը 1991 թվականից իրականացնում է «Су-27» ինքնաթիռներով կատարվող շոու- ծրագիր: Այնուամենայնիվ, ներկայացվածը այն չէ, ինչի համար հաճախորդները պատրաստ են գումար վճարել:

Ցուցադրվել է «Су-35С» կործանիչը՝ «Су-27»-ի արդիականացված տեսակը։ Կրկին, ոչ ամենաթարմը: Նախատիպը երկինք է բարձրացել 15 տարի առաջ: 2021 թվականին նմանատիպ ինքնաթիռը ընկել էր Օխոտսկի ծովում՝ իբր շարժիչի խափանման պատճառով։ 2023 թվականին մեկ «Су-35» է կործանվել է Բրյանսկում, մյուսը կործանվել է հարազատ՝ ռուսական ուժերի կրակի հետևանքով՝ Ուկրաինայի Զապորոժիեի շրջանի Տոկմակ բնակավայրի մոտ: Այս ինքնաթիռի մարտական կորուստների վերաբերյալ ամբողջական և ստուգված տվյալներ դեռ չկան: Ըստ ուկրաինական կողմի, առնվազն մեկ «Су-35» խոցվել է ուկրաինական ռազմաօդային ուժերի «Миг-29» ինքնաթիռի հետ օդային մարտում, ևս մեկը՝ «С-300» համալիրի միջոցով։

Առաջին անգամ չէ, որ «KA-52E» ուղղաթիռը ցուցադրվել է Դուբայում: Այն ստեղծվել է դեռևս ԽՍՀՄ օրոք, և փորձնական արտադրությունը սկսվել է ավելի քան քառորդ դար առաջ, իսկ սերիական արտադրությունը՝ 15 տարի առաջ: Առնվազն 15 «KA-52E» ուղղաթիռ ոչնչացվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ժամանակ։

Դեռևս 2021 թվականին Ռուսաստանը Դուբայում ցուցադրեց հինգերորդ սերնդի «Су-57» կործանիչի նախատիպը։ Ռուսական կողմը այն երբեք չի օգտագործվել մարտական գործողությունների ժամանակ՝ Սիրիայում և Ուկրաինայում։ Տեղեկություններ կան ինքնաթիռի միայն փորձնական թռիչքների մասին: Նույնիսկ ռուսական աղբյուրների համաձայն, արտադրվել է ոչ ավելի, քան 15 նմուշ, այդ թվում՝ նախատիպերը։

Դուբայի ավիաշոուի ժամանակ ռուսական լրատվամիջոցները մեջբերել են «Рособоронэкспорт»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի խոսքերը «Су-57»-ի մասին. «Տեխնիկական խորհրդատվություններ ենք անցկացնում Ռուսաստանի մի շարք ռազմավարական գործընկերների հետ։ Քննարկում ենք թե՛ վերջնական արտադրանքի մատակարարումը Ռուսաստանից, թե՛ համագործակցությունը համատեղ մշակման ու արտադրության ձևաչափով»։

2019 թվականի Դուբայի ավիաշոուի ժամանակ «Ростех» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը նշել էր, որ Ռուսաստանն առաջարկել է տեղայնացնել կործանիչների առանձին բաղադրիչների արտադրությունը՝ այն երկրներում, ուր այդ ինքնաթիռների նկատմամբ առկա է հետաքրքրություն՝ Հնդկաստանում և ԱՄԷ-ում։ Ըստ երևույթին, պատժամիջոցների և տեխնոլոգիական հետամնացությունը լուրջ խոչընֆդոտ են Ռուսաստանում նոր ինքնաթիռների ստեղծման, սերիական արտադրոթյան համար։ Եվ այս տարի ոչ թե «Су-57»-ն էր եկել Դուբայ, այլ... նմանատիպ անվանումով հաջորդ նախատիպը՝ «Су-75», որը ստեղծման էլ ավելի վաղ փուլում է։ Այն ավելի փոքր չափեր ունի, մեկ շարժիչով է ու ավելի դանդաղ է թռչում։

Համաշխարհային շուկայում Ռուսաստանը ներկայացրել էր նաև պարաշյուտներ՝ «Дальнолет», «Беркут-2» և «Тандем-400» տիպի։ Ռուսաստանում պարաշյուտների արտադրության միայն մեկ ձեռնարկություն կա՝ «Полет» կարի ֆաբրիկան, որը գտնվում է «հարսնացուների քաղաքում»՝ Իվանովոյում։ «Беркут-2»-ը և «Тандем-400»-ը վաղուց հայտնի թևային պարաշյուտներ են։ Դրանց սիրահարները 15 տարի առաջ սոցցանցերում ակտիվորեն քննարկում էին «Беркут-2» առավելություններն ու թերությունները։ Դուք կարող եք ցատկել երկտեղանոց «Тандем-400»-ով՝ Ռուսաստանի գրեթե ցանկացած պարաշյուտային ակումբում՝ 10-12 հազար ռուբլով: Այնուամենայնիվ, ռուսական լրատվամիջոցների հաղորդագրություններում, չգիտես ինչու, այդ ապրանքները ներկայացված են որպես «վերջին», «առաջադեմ» և «հատուկ ջոկատների» համար:

Տեկտոնական տեղաշարժ

Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ «SIPRI»-ի համաձայն, 2018-2022 թվականներին զենք արտահանող հինգ խոշորագույն երկրներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային, Չինաստանին և Գերմանիային, բաժին է ընկել զենքի համաշխարհային արտահանման 76%-ը: Այդ ընթացքում՝ 2018-2022 թվականներին նախորդած հինգ տարիների համեմատ, ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից զենքի արտահանումն աճել է, իսկ Չինաստանից, Գերմանիայից և հատկապես Ռուսաստանից նվազել։ ԱՄՆ-ի մասնաբաժինը սպառազինության համաշխարհային արտահանման ընդհանուր ծավալում 33%-ից հասել է 40%-ի. Վաշինգտոնը զենք է մատակարարել 103 երկրների։

Եվրոպայում Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ մայրցամաքում սպառազինությունների գնումները զգալիորեն ավելացել են։ Միևնույն ժամանակ, 2018-2022 թվականներին սպառազինության շուկայի համաշխարհային ծավալը նույնիսկ կրճատվել է ավելի քան 5%-ով. «Չնայած այն հանգամանքին, որ զենքի մատակարարումները ողջ աշխարհում նվազել են, Եվրոպա մատակարարումները կտրուկ աճել են՝ կապված Ռուսաստանի և եվրոպական այլ երկրների մեծ մասի միջև լարվածության հետ։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, եվրոպական երկրները ցանկանում են ավելի շատ զենք ներկրել ու ավելի արագ»,- «Al Jazeera»-ին ասել է «SIPRI»-ի սպառազինությունների մատակարարման ծրագրի ավագ հետազոտող Պիտեր Վեզեմանը։

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինա զենքի արտահանման ծավալը կտրուկ աճել է 2022 թվականին: 2018-2022 թվականներին ԱՄՆ զենքի արտահանման 23%-ը ուղղվել է եվրոպական երկրներ՝ 2013-2017 թվականներին ընդամենը 11%-ի համեմատ։ Սա հստակ ցույց է տալիս Ուկրաինայում պատերազմի հետևանքները: Այնուամենայնիվ, ըստ «SIPRI»-ի, 2022 թվականին ամերիկյան զենք ստանալու առումով Ուկրաինան տակավին զիջում էր չորս այլ պետությունների՝ Քուվեյթին, Սաուդյան Արաբիային, Կատարին ու Ճապոնիային։ Սա մասամբ պայմանավորված է նրանով, որ Ուկրաինա մատակարարումները հիմնականում բաղկացած էին ամերիկյան պահեստներում ամբարված ռազմական տեխնիկայից, որն այդքան էլ նոր չէ, իսկ նշված չորս երկրները նոր սարքավորումներ էին գնում, օրինակ՝ մարտական ինքնաթիռներ: Այդուհանդերձ, «Al Jazeera»-ն ընդգծում է, որ Ուկրաինան այսօր դարձել է աշխարհում սպառազինության երրորդ խոշոր ներկրողը։

Ներկայացվածից զատ ԱՄՆ-ն ունի մեծաքանակ պատվերներ, ինչը վկայում է առաջիկա տարիներին գրանցվելիք աճի մասին: Միայն 2022 թվականին 13 երկրներ ԱՄՆ-ից պատվիրել են ընդհանուր առմամբ 376 մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ Ամենամեծ պատվերը եղել է Կանադայից՝ 88 մարտական ինքնաթիռ։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն ունի 1 371 մարտական ինքնաթիռի պատվեր։

Փոխարենը, չնայած 2008-2017 թվականների համեմատաբար կայուն արտահանմանը, 2018-2022 թվականներին ռուսական սպառազինության արտահանումը նվազել է 31%-ով՝ նախորդած հնգամյակի հետ համեմատ: Թեև զենքի մատակարարմամբ Ռուսաստանն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում, նրա մասնաբաժինը 22%-ից նվազել է մինչև 16%: Ֆրանսիան իր 11%-ով (նախորդ հնգամյա ժամանակահատվածի 7.1%-ի դիմաց), ըստ ամենայնի, մոտ ապագայում կզբաղեցնի երկրորդ տեղը՝ հատկապես հաշվի առնելով անավարտ պատվերների մեծ ծավալը։

Ըստ «France 24»-ի, Ֆրանսիան զենքի մատակարարման խոշոր գործարքներ է կնքել Կատարի և Հնդկաստանի հետ, որը նախկինում Ռուսաստանի ավանդական հաճախորդն էր: Այս տարի հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ֆրանսիայում էր՝ նախագահ Էմանյուել Մակրոնի հետ ներկա գտնվելու ֆրանսիական արտադրության «Dassault Rafale» կործանիչների օդային շքերթին։ Հնդկական աղբյուրները հայտնել են 26 «Rafale» ինքնաթիռի և 6 «Scorpène» սուզանավերի նախնական պատվերի մասին: Հուլիսի 25-ին ֆրանսիական «La Tribune» թերթը հայտնեց, որ Կատարը ևս դիտարկում է 24 հատ «Rafale» գնելու հնարավորությունը:

Հետաքրքիր է, որ Ուկրաինան 17-րդ է զենքի համաշխարհային արտահանողների շարքում, ըստ երևույթին այն պատճառով, որ տվյալներն վերաբերում են նաև ռուսական լայնածավալ ներխուժման սկզբին:

Ռուսական զենքի արտահանման մեծ մասի բաժին է ընկել երեք երկրների՝ Հնդկաստանին (31%), Չինաստանին (23%) և Եգիպտոսին (9,3%): Բայց այստեղ նույնպես միտումները բացասական են. Եգիպտոսը, օրինակ, չեղարկեց մարտական ինքնաթիռների մեծ պատվերը 2022 թվականին, Չինաստանը գնալով ավելի քիչ է ներկրում Ռուսաստանից, քանի որ ավելացնում է սպառազինությունների առաջադեմ տեսակների սեփական արտադրությունը։

Ռուսական զենքի 10 խոշորագույն ներկրողներից մյուս 7 երկրների չափաբաժինը 2018-2022 թվականներին կրճատվել է միջինը 59%-ով։ 1992 թվականից ի վեր մարտական ինքնաթիռներն ու ուղղաթիռները եղել են ռուսական զենքի հիմնական արտահանումները։ 2018-2022 թվականներին մատակարարվել է ընդհանուր առմամբ 328 մեքենա, ինչը գնային արտահայտությամբ կազմել է ռուսական զենքի արտահանման 40%-ը։ Այնուամենայնիվ, 2022 թվականի վերջին սպասվում էր ընդամենը 84 մարտական ինքնաթիռի և ուղղաթիռի առաքում. սա ոչ միայն 16 անգամ պակաս է ԱՄՆ-ի փաթեթից, այլ նաև Չինաստանի (10 անգամ), Իտալիայի (1,4 անգամ), Հարավային Կորեայի (1,6 անգամ) և Ֆրանսիայի (2,5 անգամ) մատակարարումներից։ «SIPRI»-ի փորձագետների կարծիքով, մատակարարումների ցածր ծավալը վկայում է այն մասին, որ ռուսական արտահանումը, հավանաբար, կշարունակի նվազել առաջիկա տարիներին:

«Վերջին տարիները հանդիսացել են զենքի առևտրում ինտենսիվ փոփոխությունների շրջան, ինչը հանգեցրել է զենք մատակարարողների գլոբալ պատկերի լուրջ փոփոխությանը։ Օրինակ, Լեհաստանը և Ուկրաինան, զգալիորեն մեծացրել են ռազմական ներմուծումը։ Մինչդեռ, մյուսները՝ օրինակ, ԱՄՆ-ն, ամրապնդել են իրենց դիրքերը որպես հիմնական արտահանողներ: Որոշ երկրներում, ինչպիսիք են Բուլղարիան և Հարավային Կորեան, նկատվել է ռազմական արտահանման կտրուկ աճ, ինչը նրանց թույլ է տալիս միանալ աշխարհի խոշորագույն արտահանողներին: Զենքի առևտրի փոփոխությունները շատ դինամիկ են, և զենքի արդյունաբերության մեջ հետագա ներդրումները, հատկապես եվրոպական երկրներում, հուշում են, որ այս միտումը կշարունակվի ապագայում»,- նշում են «S&P Global Market Intelligence»-ի և «Global Trade Analytics Suite»-ի վերլուծաբանները:

Ռուսական արտահանման անկման պատճառները

Ինչո՞վ է պայմանավորված ռուսական զենքի արտահանման կտրուկ անկումը: «Рособоронэкспорт»-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հերքում է, որ արևմտյան պատժամիջոցները բացասաբար են ազդել ռուսական սպառազինության արտահանման վրա. «Մենք երկար ժամանակ աշխատել ենք առանց «SWIFT»-ի, առանց դոլարի և առանց եվրոյի։ Կորպորացիան մշակել է լոգիստիկ և ֆինանսական բոլոր խնդիրները լուծելու ուղիներ»:

Փաստորեն, եթե պատժամիջոցները կապ չունեն, ուրեմն վաճառքի անկման միայն մեկ պատճառ կա՝ ռուսական բանակի ձախողումները ուկրաինական ռազմաճակատում: Ուկրաինայի դեմ պատերազմում ականատես եղանք, որ ռուսական սպառազինությունը, ընդհանուր առմամբ, սակավ արդյունավետ է, քան արևմտյան զինատեսակները:

Սակայն Դուբայում ռուսական պատվիրակությունը, իհարկե, այդ չի ընդունում:

«Ռուսական զենքի վաճառքի նվազման պատճառները տարբեր են, թեև դրանցից շատերը կապված են Ուկրաինայի պատերազմի հետ։ Երկրները, բնականաբար, ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց մատակարարները...։ Ուկրաինայի առաջնագծից ստացված հաղորդագրությունները հարվածել են ռուսական զենքի համբավին»,- ամփոփում է «France 24»-ը:

«[Ուկրաինական] պատերազմը ռուսական ռազմական տեխնոլոգիաների նվաստացուցիչ ցուցադրություն էր»,- ասում է Փիթերսոնի միջազգային տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Քալեն Հենդրիքսը՝ «Foreign Policy» հանդեսում հրապարակված նյութում․ «Ուկրաինական պատերազմը, անշուշտ, համոզիչ գովազդ չդարձավ Ռուսաստանի առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների համար»։

Այնուամենայնիվ, Հենդրիքսը կարծում է, որ զենքի համաշխարհային շուկայից Ռուսաստանի դուրս գալու պատճառներն ավելի խորն են․ «Ռուսաստանից զենքի արտահանումը սկսել է լրջորեն նվազել դեռ 2019 թվականին՝ 2011 թվականի համեմատ արդեն կրճատվել էր գրեթե 20%-ով։ 2011 թվականին՝ ամենահաջող տարում «ռուսական զենքի արտահանումը գրեթե հավասարվեց ԱՄՆ արտահանմանը», առաքումները գնացին 37 տարբեր երկրներ, այդ թվում՝ ԵՄ անդամ-երկրներ Կիպրոս և Սլովենիա, ինչպես նաև արևմտյան կիսագունդ՝ Բրազիլիա և Մեքսիկա: Սակայն ընդամենը 11 տարի անց ռուսական զենքի արտահանումը կրճատվեց գրեթե 70%-ով՝ բաժին հասնելով ընդամենը 12 երկիր:

«2022 թվականին ռուսական զենքի արտահանումն արտացոլում է Մոսկվայի աճող մեկուսացումը. արտահանման 91%-ն ուղղվել է ընդամենը չորս երկիր՝ Հնդկաստան, Չինաստան, Բելառուս և Մյանմար՝ երկու զարգացող երկրներ, մեկ վասալ պետություն և մեկ վտարանդի պետություն»,- գրում է Քալեն Հենդրիքսը՝ շարունակելով, թե «Ուկրաինայի պատերազմը ջախջախիչ հարված հասցրեց ռուսական զենքի արտահանմանը։ Որոշ ժամանակ ռուսական արդյունաբերությունը կործանման եզրին էր»:

Ըստ Հենդրիքսի, «21-րդ դարի սկզբին ռուսական սպառազինության [արտահանման] աճը պայմանավորված էր Չինաստանի, Հնդկաստանի կողմից գնումների ավելացմամբ, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության «նոր» շուկաներ ի հայտ գալով, որոնք հարստանում էին նավթի ու գազի վաճառքից՝ Ադրբեջանն ու Թուրքմենստանը։

«Մոտավորապես այդ ժամանակաշրջանում Ռուսաստանը սկսեց ընդլայնել իր մասնաբաժինը՝ [սպառազինության] նախընտրելի մատակարար դառնալով այնպիսի առաջնորդների համար, ինչպիսիք են Վենեսուելայի Ուգո Չավեսը և Սիրիայի Բաշար ալ-Ասադը...։ Մեկ տասնամյակ լավ վաճառքից հետո, դժվարություններ առաջացան 2010-ականների կեսերին: 2014 թվականին Վենեսուելայի տնտեսությունը փլուզվեց։ Սիրիան նվազեցրեց գնումները։ Նախորդած տասնամյակում նավթի գների արագ աճը իր տեղը զիջեց ցածր և անկայուն գներին՝ նվազեցնելով նավթով հարուստ հարևանների պահանջարկը»,- նշում է «Foreign Policy»-ի հեղինակը:

Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից ի վեր, աստիճանաբար դժվարանում է ռուսական նավթի վաճառքը, աճում է Մոսկվայի կախվածությունը Հնդկաստանից և Չինաստանից»,- նշում է Փիթերսոնի միջազգային տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Քալեն Հենդրիքսը։

«Ռուսաստանն այժմ ավելի շատ է կախված այս երկու երկրներին զենքի վաճառքից, քան երբևէ՝ 2003 թվականից ի վեր, բայց արտահանման շատ ավելի ցածր ծավալներով: Միևնույն ժամանակ, Հնդկաստանը և Չինաստանը շարունակում են զարգացնել զենքի արտադրության սեփական արդյունաբերությունը՝ մրցելով ռուսական սպառազինության հետ։ Երկարաժամկետ հեռանկարում Չինաստանը կդառնա Ռուսաստանի կարևորագույն առևտրային գործընկերը. չինական մեքենաները, արդյունաբերական սարքավորումները և կիսահաղորդիչները Ռուսաստանում կփոխարինեն Եվրոպայից ներմուծումներին: Բայց որքան մեծանա Ռուսաստանի կախվածությունը Չինաստանից՝ Արևմուտքից իրականացվող ներմուծումը փոխարինելու համար, այնքան ավելի է կխարխլվի Մոսկվայի ռազմավարական դիրքը՝ ռուսական սպառազինության արտահանման շարունակվող նվազման պատճառով»:

Հենդրիքսն ընդգծում է. «Զենքի արտահանումը հիմնական գործիքն է, որի միջոցով երկրները կոալիցիաներ են կառուցում, ընդլայնում և պաշտպանում իրենց շահերը: Այն կտրուկ նվազել է Ռուսաստանի պարագայում»: Սա նշան է, որ մոտ ապագայում պուտինյան վարչակազմը կարող է բախվել ռազմավարական մեկուսացման հետ։

Նմանատիպ

XS
SM
MD
LG