Մատչելի հղումներ

''Ռուսական հրթիռների արդյունավետությունը կախյալ է արտասահմանյան միկրոչիպերից''


Ուկրաինայում օգտագործվող «ռուսական» զենքի 27 տեսակի մեջ հայտնաբերվել է ավելի քան արևմտյան արտադրության էլեկտրոնային 450 բաղադրիչ: Ինչպես փորձագետներն են ասում, ռուսական նորագույն զենքերն, առանց արտասահմանյան միկրոչիպերի, հասարակ թնդանոթներ են հիշեցնում: Եվ այդ չիպերից ռուսներին զրկելը կարող է արագ մոտեցնել Մոսկվայի պարտությունը:

1831 թվականին հիմնադրված բրիտանական Royal United Services Institute (RUSI) պաշտպանության և անվտանգության ոլորտում հնագույն վերլուծական կենտրոնի կողմից հրապարակված զեկույցը սենսացիոն եզրակացությամբ է ավարտվում:

Ուկրաինայում օգտագործվող ռուսական զենքերի մեջ փորձագետները հայտնաբերել են արտասահմանյան արտադրության էլեկտրոնային գրեթե 500 բաղադրիչներ, որոնք արտադրվել են Միացյալ Նահանգների, Եվրամիության և ասիական ընկերությունների կողմից: Ուսումնասիրությունը կատարվել է 27 տիպի թեւավոր հրթիռներից մինչև ՀՕՊ համակարգեր։

RUSI-ի հետախուզության և վերլուծության բաժնի տնօրեն Ջեյմս Բըրնի խոսքերով, իրենց հաջողվել է հետագծել դրանց ծագումը և ուսումնասիրել մատակարարման շղթաները: Դրա արդյունքում, ասում է նա, իրենք կարող են ասել, թե ինչպես են ռուսները ստանում այդ բաղադրիչները, օգտագործում դրանք և ինչ է դա նշանակում:

Ջեյմս Բըրնը հիշում է 2022 թվականի ապրիլ ամիսը, երբ ինքն ու իր անձնակազմն առաջին անգամ մեկնեցին Ուկրաինա։ Նրա խոսքերով, ռուսական հրթիռային հարձակումից հետո ուկրաինացի մի զինվոր իրենց է հանձնել մետաղական մի մեծ տուփ, որը եղել է ռուսական Իսկանդեր 9M727 հրթիռի համակարգչային համակարգի մաս: ‘’Երբ մենք ապասարքավորեցինք մեր ձեռքն ընկածը, հասկացանք, որ ԱՄՆ-ում արտադրված չիպերը կազմում են այս հրթիռի էլեկտրոնիկայի զգալի մասը’’, ասում է նա:

9M727 հրթիռը կարող է մինչև 5-7 մետր բարձրության վրա թիրախին խոցելը մանեւրել շատ մեծ արագությամբ, իսկ հետագծի բալիստիկ հատվածից իջնելիս, նրա արագությունը կարող է հասնել ժամում 7 300 կիլոմետրի: Ռուսական կողմը մտածված կերպով չի նշել զենքի հեռահարության մասին տվյալները (500 կմ), քանի որ այն խախտում է միջին և փոքր հեռահարության հրթիռների սահմանափակման համաձայնագրի պայմանները։

Հրթիռը կշռում է 3,8 տոննա, երկարությունը՝ 7,3 մետր, տրամագիծը՝ գրեթե մեկ մետր: Մարտագլխիկը 480 կիլոգրամ է։ Այն պարունակում է ավանդական իներցիոն (գիրոսկոպի վրա հիմնված) ուղղորդման համակարգ: Այսպես կոչված, «շրջանաձև հավանական շեղումը» նշված միջակայքում կազմում է 30-70 մետր: Բայց եթե տեղադրվի ուղղորդման միավոր թռիչքի վերջին փուլում, օգտագործելով GLONASS (GPS արբանյակային նավիգացիայի ռուսական անալոգը), ապա ճշգրտությունն արդեն կկազմի 5-7 մետր, այնպես ինչպես ամերիկյան արտադրության զենքը: Ռուսաստանն ի վիճակի չէ ինքնուրույն արտադրել այս բարձր ճշգրտության բլոկը: Ասում են փորձագետները, նշելով, որ օգտագործվել են ամերիկյան Texas Instruments և Advanced Micro Devices ընկերությունների արտադրած մասերը: Մասնակցել է նաեւ Cypress Semiconductor-ը, որը պատկանում է գերմանական Infineon Technologies ընկերությանը:

Ռուսական հրթիռների և արկերի ցածր ճշգրտությունն արդեն դարձել է բառակապակցություն։ Այսինքն, եթե հրթիռը ռուսական է, ուրեմն այն չունի նշանակետին ճշգրտությամբ հարվածելու կարողություն: Նոր բազմակի արձակման հրթիռային համակարգը` «Tornado-S»-ը ռուսները համարում են «բարձր ճշգրտության»: Դրա հրթիռներն ունեն ոչ միայն իներցիոն, այլև արբանյակային ուղղորդում GLONASS-ի միջոցով՝ մոդելավորված ամերիկյան բարձր ճշգրտության HIMARS համակարգերի օրինակով: Tornado-ն արձակում է 300 մմ 9M549 կառավարվող հրթիռ՝ 120 կիլոմետր հեռահարությամբ և 7-15 մետր ճշգրտությամբ: ‘’Նրա վրա կա բարդ հաշվողական բլոկ, ինչպես նաև եռակողմ օպտիկամանրաթելային գիրոսկոպ և արբանյակային նավիգացիոն ազդանշանի մշակման միավոր, որը թույլ է տալիս շտկել հրթիռի ընթացքը թռիչքի ժամանակ՝ ապահովելով ավելի մեծ ճշգրտություն մեծ հեռավորությունների վրա’’, ասում են բրիտանական զեկույցի հեղինակները:

«Սակայն հրթիռային գիրոսկոպը պարունակում է դաշտային պայմանների համար ծրագրավորվող զանգված (FPGA)՝ արտադրված Altera Corporation-ի կողմից, իսկ արբանյակային նավիգացիոն ազդանշանի մշակման միավորները հիմնված են Cypress Semiconductor-ի կողմից արտադրված բարձր արագությամբ ստատիկ մուտքի հիշողության (SRAM) մոդուլների վրա», ասում են փորձագետները։

‘’Ուկրաինայում աշխատելիս, ամենուր գտնում էինք արևմտյան միկրոսխեմաներ’’, ասում են նրանք ու շեշտում, որ փորձել են պարզել, թե ինչպես են արևմտյան արտադրության կարևոր բաղադրիչները հայտնվել Ռուսաստանում՝ շրջանցելով արտահանման վերահսկողությունը:

Ինչպես փորձագետներն են ասում, ռուսները տարիներ շարունակ աշխատել են այդ ցանցը ստեղծելու համար: ‘’Հիմա մենք ունենք այդ հոսքը դադարեցնելու հնարավորություն, ինչը հսկայական վնաս կհասցնի Ռուսաստանի զինված ուժերին’’, ասում են նրանք: Փորձագետները հիշեցնում են, որ դեռեւս խորհրդային տարիներից է գրանցվել Ռուսաստանի տեխնոլոգիաների հետընթացը, եւ Մոսկվան հույսը դրել է հետախուզական ծառայությունների միջոցով արեւմտյան գաղափարները հափշտակելու վրա:

Զեկույցի առանձին մի հատված նվիրված է խորհրդային լրտեսական անցյալի հետաքրքրաշարժ օրինակներին: Բայց ուրիշից հափշտակելու վրա հույսը դնելու արդյունքում, Ռուսաստանն այսօր հույսը դնում է երրորդ աշխարհի երկրներից զենք գնելու վրա:

Զեկույցում ներառված 450 միկրոսխեմաներից առնվազն 318-ը արտադրված են ԱՄՆ-ում, և դրանցից առնվազն 81-ը ենթակա են արտահանման վերահսկման սահմանափակումների, այսինքն՝ դրանք ձեռք են բերվել անօրինական ճանապարհով:

Հայտնաբերվել են նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Շվեյցարիայի, Նիդեռլանդների արտադրության մասեր, երկրներ, որոնք կոշտ պատժամիջոցներ են սահմանել ագրեսորի դեմ։

Փորձագետներից Հարրի Սոմերվիլը հաշվարկել է, որ Ռուսաստանը պատերազմի մեջ է մտել ‘’Իսկանդեր’’ մակնիշի մոտ ինը հարյուր հրթիռներով։ Այս պահին պահեստում մնացել է հարյուրից մի փոքր ավելի։ Այն ի վիճակի է ամսական նման միայն 6 հրթիռ արտադրել, սակայն դրանք արևմտյան միկրոչիպեր են պահանջում։ Իսկ եթե գտնում են նմանատիպ չիպերի մատչելի աղբյուր մեկ այլ արտադրողից, նրանցից պահանջվում է մոտ երեք ամիս՝ վերանախագծելու և արտադրությունը վերսկսելու համար... Դրանց առաքման համար ռուսական հատուկ ծառայությունների գործակալներն ամեն օր տասնյակ միջոցներ են իրականացնում, ինչը նույնպես ժամանակատար է:

Այսպիսով, Ռուսաստանին արևմտյան սխեմաների ապօրինի մատակարարման դեմ պայքարը մեկանգամյա իրադարձություն չէ, ասում են փորձագետները. Սա ևս մեկ կարեւոր ճակատ է, որտեղ ցանկացած հաջողություն կարող է կյանքեր փրկել Ուկրաինայում և մոտեցնել Ռուսաստանի պարտությունը:

Իսկ այդ պարտությունից հետո դժվար թե որևէ երկիր ցանկանա գնել ռուսական այնպիսի զենքեր, որոնք արդյունավետ կերպով ապացուցել են իրենց անարդյունավետությունը:

Արամ Վանեցյան

Եվգենի Կոմարով

XS
SM
MD
LG