Ավելի քան մեկուկես տարի շարունակվող պատերազմի ընթացքում ռուսական բանակը բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարել Ուկրաինայում, որոնց մասին առկա են վկայություններ, սահմռկեցուցիչ փաստեր ու թվեր միջազգային կազմակերպությունների զեկույցներում։
Դատելով Կրեմլի որոշումներից և գործողություններից՝ Մոսկվան, ակնհայտորեն, խրախուսում է նման հանցագործությունները։ 2022 թվականին շատերն էին ցնցված, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «գվարդիական» կոչում շնորհեց Կիևից ոչ հեռու գտնվող Բուչայում տեղի ունեցած վայրագությունների համար պատասխանատու ստորաբաժանմանը։
Պուտինը նաև անձամբ հանդիպեց և շնորհակալություն հայտնեց «Վագներ» խմբավորման վարձկաններին, որոնք մեղադրվում են մարդկության դեմ գործած հանցանքների համար՝ Ուկրաինայում իրենց արարքների պատճառով: Հայտնի է, որ Ռուսաստանի ղեկավարի ձերբակալման մասին կա միջազգային օրդեր։
Այս ամենը, թերևս, պետք է մեկուսացներ Կրեմլին արևմտյան երկրներում, որոնք, հանդիսանալով ԵԱՀԿ ու Եվրոպայի խորհրդի անդամներ՝ ազգային օրենսդրության մաս են դարձել միջազգային իրավունքը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները պաշտպանող բազմաթիվ փաստաթղթեր։ Այդուհանդերձ, արևմտյան քաղաքական դաշտում կան ուժեր, որոնք Կրեմլին հնարավորություն են տալիս հայտարարել, թե ժողովրդավարական երկրներում Ուկրաինան չունի միանշանակ աջակցություն։ Որոշ փորձագետների համաձայն, Պուտինը և նրա շրջապատը հույս ունեն, որ արևմտյան երկրներում պոպուլիստական ուժերը կարող են այնքան սահմանափակել արևմտյան աջակցությունը Ուկրաինային, որ Մոսկվան առանց պարտության դուրս կգա ռազմական գործողություններից։
Որպես կանոն՝ արևմտյան քաղաքական գործիչների և լրագրողական հանրության շրջանում հազվադեպ է, երբ արդարացնում են Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիան։ Բայց այդպիսի մարդիկ կան, և ռուսաստանյան իշխանությունը ողջունում է նրանց։ Խոսքը, մասնավորապես, ֆրանսիացի լրագրող Քրիստել Նեանի մասին է, որն այս տարվա հուլիսին Կրեմլում կայացած հանդիպմանն անձամբ խնդրեց Վլադիմիր Պուտինին՝ արևմտյան երկրներում կրեմլամետ լրագրողների գործունեության համար մի հարթակ ստեղծել։
Ռուսաստանի նախագահը շնորհակալություն հայտնեց Նեանին, սակայն կոնկրետ խոստումներ չտվեց՝ հորդորելով ֆրանսիացուն դիմել «RT»-ի և «Sputnik»-ի «գործընկերներին»՝ չմոռանալով նշել, որ «նրա նման մարդիկ հազվադեպ երևույթ են»։
Քրիստել Նեանն արևմտյան հանրության այն սակավաթիվ ներկայացուցիչներից է, որոնք դեռ 2014 թվականին որոշեցին աջակցել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումն ու Դոնբասում Մոսկվայի սանձազերծած պատերազմը։ Նա նաև աշխատել է որպես «անկախ դիտորդ», այսպես կոչված, «ընտրություններում», որոնք Մոսկվայի փաստացի վերահսկողության ներքո տեղի ունեցան Ուկրաինայի արևելյան շրջաններում։ Նեանը, անշուշտ, հաստատել էր, որ Ռուսաստանի բռնազավթած տարածքներում քվեարկությունն «ազատ էր և արդար»։
Ռուսական քարոզչությամբ ու Կրեմլի ազդեցությամբ զբաղվող հետազոտողները երկու խմբի են բաժանել նրանց, ովքեր օգնում են Ռուսաստանին` արևմտյան տեղեկատվական դաշտում առաջ մղել իր պատումները։ Առաջինը, որին պատկանում է Քրիստել Նեանը, Մոսկվայի սանձազերծած պատերազմի անմիջական կողմնակիցներն են, որոնք չեն թաքցնում իրենց կապը Մոսկվայի հետ։ Սակայն ավելի բազմամարդ է երկրորդ խումբը՝ արևմտյան քաղաքական գործիչների ու ակտիվիստների մի հանրույթ, որն ուղղակիորեն չեն արտահայտվում հօգուտ ռուսական ագրեսիայի, բայց ամեն կերպ ձգտում է կասկածներ սերմանել՝ արդյո՞ք հարկավոր է աջակցել Ուկրաինային։
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը կրեմլամետ է․ Անտոն Շեխովցով
Տարիներ շարունակ՝ «Centre for Democratic Integrity»-ի ղեկավար և արմատական շարժումներն ուսումնասիրող Անտոն Շեխովցովի ուշադրության կենտրոնում են նրանք, ովքեր համագործակցում են պաշտոնական Մոսկվայի հետ։ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Շեխովցովն նշում է, թե Գերմանիայում, օրինակ, ակնհայտ կրեմլամետ ուժերից է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որը, ըստ վերջին հարցումների, մեծ ժողովրդականություն է վայելում երկրում։
«[Ուկրաինայի նկատմամբ] բացահայտ ագրեսիայի մեկնարկից ի վեր նրանք նույնիսկ ավելի ռուսամետ են դարձել, և դա կարելի է տարբեր կերպ բացատրել։ Գործոններից մեկն այն է, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը բավականին շատ կողմնակիցներ ունի Գերմանիայի ռուսախոս բնակչության շրջանում, և քաղաքական ուժը չի ցանկանում կորցնել նրանց, ընդհակառակը՝ նպատակ ունի ընդլայնել իր աջակիցների թիվն այդ մարդկանց շրջանում»։
Ըստ փորձագետի, հաջորդ կարևոր հանգամանք այն է, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ներսում ձևավորվել է, թերևս, կրեմլամետ ամենամեծ խումբը, եթե համեմատենք մյուս ծայրահեղ աջ՝ եվրոպական կուսակցությունների հետ։
«Օրինակ՝ ավստրիական «Ազատության կուսակցությունում» ռուսամետ խումբը կազմում էր առավելագույնը 5-6 հոգի։ Ֆրանսիայում՝ Մարին Լը Պենի «Ազգային շարժման» մեջ՝ մոտ 10 հոգի։ Իսկ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունում՝ 60 հոգի են։ Այսինքն, այն մի մեծ խումբ է, որը փաստացի որոշում է [կուսակցության] արտաքին քաղաքական ուղղությունը»,- ասում է Անտոն Շեխովցովը։
Ընդ որում, ըստ փորձագետի, Ուկրաինա ներխուժելուց հետո, Մոսկվան ակնհայտորեն կորցրել է իր կողմնակիցներից շատերին՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտումների և ռազմական հանցագործությունների պատճառով։
«Շատ քաղաքական ուժեր՝ անգամ յուրահատուկ հեղինակությամբ և որոնք կորցնելու բան ունեն, հեռացել են Կրեմլից։ Եվրոպայում, ընդհանուր առմամբ, ռուսական ագրեսիան շատ վատ արձագանք է ստացել, և նույնիսկ ծայրահեղ աջ քաղաքական ուժերը հետևում են հասարակական տրամադրություններին։ Նրանք հասկացել են, որ դա արդեն չափազանց է, կարմիր գիծ է, որից պետք է հեռու մնալ։ Եթե նախկինում նրանք Ռուսաստանի հետ կապը դիտարկում էին որպես որոշակի առավելություն՝ իրենց հեղինակության ամրապնդման համար, այսինքն՝ շփվում էին Ռուսաստանի ղեկավարության կամ քաղաքական գործիչների հետ, [որովհետև ներկայացնում էին, թե] Ռուսաստանը կարևոր աշխարհաքաղաքական խաղացող է, ինչը շատ լավ է, ապա 2022 թվականի փետրվարյան ներխուժումից հետո, նման շփումը թունավոր է»,- նշում է Շեխովցովը։
«Centre for Democratic Integrity»-ի ղեկավարի ներկայացմամբ, Ռուսաստանի բռնազավթած ուկրաինական տարածքներում անցկացված կեղծ հանրաքվեներին մասնակցած, այսպես կոչված, «անկախ դիտորդների» և, առհասարակ, Կրեմլին բացահայտ աջակցող օտարերկրյա ակտիվիստների համակարգողը ռուսաստանյան խորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչն է։
«Արևմուտքում կոշտ կրեմլամետ դիրքորոշում որդեգրած մարդկանց «արածեցնում» է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։ Նա նրանց ուղղորդում է ամենատարբեր ոլորտներում։ Նրա անունն է հայտնվում տարբեր համատեքստերում։ Ըստ էության, դա նրա աշխատանքն է։ Նա նաև օգտագործում է Խաղաղության ռուսաստանյան հիմնադրամի վարչության նախագահի իր դիրքը՝ ոչ թե ուղղակիորեն պետությունից, այլ այդ կառույցի միջոցով ինչ-որ մեկին ֆինանսավորելու համար»,- ասում է Անտոն Շեխովցովը։
«Մտավախություն ունեմ արևմտյան երկրներում դիրքորոշման հնարավոր փոփոխության հետ կապված»․ Պիտեր Պոմերանցև
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում՝ ռուսաստանյան պետական քարոզչության հետազոտող, Ջոնս Հոփքինսի համալսարանի ավագ փորձագետ Պիտեր Պոմերանցևն անդրադարձել է եվրոպական այն ղեկավարներին ու քաղաքական գործիչներին, ովքեր բացահայտ կերպով արգելափակում են Ուկրաինային տրամադրվող օգնությունը՝ նշելով, թե իբր Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի է։
«Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն, օրինակ, Պուտինի կողմնակիցն է՝ որքան հնարավոր է։ Գիտենք նրա փաստարկները։ Նա ասում է, որ Ուկրաինային զենք մատակարարելով՝ մենք ընդամենը երկարաձգում ենք պատերազմը, և Ռուսաստանը, միևնույն է, կհաղթի, քանզի այն մեծ է և ուժեղ։ Ուստի պետք է բանակցենք նրա հետ։ Շատ հաճախ նման տեսակետներն առաջ են քաշվում խաղաղության կարգախոսի ներքո, իբր՝ եկեք խաղաղություն կնքենք, թեկուզև Ուկրաինան վաճառելու գնով։ Կրկնելով Կրեմլի քարոզչությունը՝ Օրբանը նաև ասում է, թե Ուկրաինան այլևս իրական երկիր չէ, և որ սա միջնորդավորված պատերազմ է ԱՄՆ ու Ռուսաստանի միջև։ Փաստորեն, Վիկտոր Օրբանը բացահայտ հանդես է գալիս Ռուսաստանի կողմից»,- ասում է Պիտեր Պոմերանցևը։
Փորձագետի կարծիքով, եվրոպական մեկ այլ երկրում՝ Ֆրանսիայում «իրավիճակը փոքր-ինչ փոխվել է, բայց կասկած կա, որ եթե, իսկ որոշ մարդիկ ասում են՝ երբ Մարին Լը Պենը դառնա երկրի ղեկավար, նա կառաջարկի խաղաղության հասնել Ուկրաինայի հաշվին»։
Պոմերանցևը հիշեցնում է Սլովակիայում առկա ռուսամետ և հակաուկրաինական տրամադրությունների մասին, և որ Եվրախորհրդարանի հաջորդ կազմը կարող է ավելի պառակտված լինել՝ Ուկրաինային սատարելու հարցում։
«Հաջորդ տարի կունենանք Եվրախորհրդարանի նոր կազմ, որտեղ կարող են ներառվել բազմաթիվ «նոր աջեր»։ Նրանց թվում կան ուժեր, որոնք ակնհայտորեն չեն աջակցում Ուկրաինային և Ուկրաինային օգնելու արևմտյան ջանքերին»,- նշում է Պիտեր Պոմերանցևը։
Սակայն ծայրահեղ պոպուլիզմի և լուսանցքային քաղաքական կազմավորումների աճող ազդեցությունը չի անհանգստացնում Պոմերանցևին այնպես, ինչպես արևմտյան երկրներում իշխանության ղեկին գտնվող «քաղաքական ծանր քաշայինների» հնարավոր «հոգնածությունը»։
«Ամենից շատ վախեցնում են ոչ թե գործող իշխանություններին ընդդիմադիր ձախ կամ աջ խմբերը, քանի որ նրանց վարքագիծը չի փոխվել, այլ այն, որ Ուկրաինայի նկատմամբ կփոխվի Արևմուտքի քաղաքական գլխավոր ուժերի մոտեցումը, օրինակ՝ Գերմանիայում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, կամ ԱՄՆ-ում դեմոկրատների դիրքորոշումը։ Նրանք կարող են ասել՝ «այս պատերազմը տեղից չի շարժվում, վերջը չի երևում, պետք է գործարք կնքել Ռուսաստանի հետ»։ Այդ մոտեցումը կարող է գերիշխող դառնալ։ Դրանից ավելի շատ եմ վախենում, քան ծայրահեղ ձախերի կամ ծայրահեղ աջերի հակաուկրաինական տրամադրություններից»,- ասում է փորձագետը։
Բրեթ Շաֆերը խոսում է ԱՄՆ-ում շրջանառվող կրեմլամետ և հակաուկրաինական պատումների մասին
Ավտորիտար վարչակարգերի քարոզչության գծով մասնագետ և ամերիկյան «The German Marshall Fund»-ի ավագ փորձագետ Բրեթ Շաֆերի համաձայն, Մոսկվայի օգտին են Ուկրաինային օգնելու հարցում և, ընդհանրապես, պատերազմի առնչությամբ իբր Արևմուտքում առկա հոգնածության մասին խոսակցությունները։
«Որքան երկար է շարունակվում այս հակամարտությունը, այնքան Ուկրաինայի և նրա կողմնակիցների համար ավելի դժվար է դառնում ապահովել աջակցությունը Կիևին և ուշադրությունն այս պատերազմի նկատմամբ։ Անկեղծ ասած, կարծում եմ, Պուտինը հենց դրա վրա է հույսը դնում, որ Արևմուտքը պարզապես կկորցնի հետաքրքրությունը և բավականաչափ հաստատակամություն չի ունենա այդ հարցում։ Այդ նպատակով էլ շրջանառվում է այն պատումը, թե «դա չափազանց թանկ է, ու այս պատերազմի վերջը չի երևում, և մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք այլ խնդիրների»,- ասում է Բրեթ Շաֆերը։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Շաֆերը, որը երեք տարի առաջ մշակել է «Hamilton 2.0» հարթակը՝ սոցցանցերում ավտորիտար քարոզչությանը հետևելու համար, ներկայացնում է վերջերս իրականացված հետազոտությունը, որը նա և իր գործընկերներն կատարել են փոդքասթների ոլորտում։
«ԱՄՆ-ում քաղաքական և մեդիա քննարկումներում դեռևս տեսնում ենք ռուսական քարոզչության որոշ տարրեր։ Ընդ որում, ուսումնասիրելով փոդքասթները՝ որպես մեր երկրում շատ տարածված մեդիա-ժանր, գրեթե չենք արձանագրել դեպքեր, որ փոդքասթների հեղինակներն ուղղակիորեն արտացոլեն Կրեմլի տեսակետը և աջակցեն նրա վարած պատերազմը։ Սակայն նկատել ենք, որ, օրինակ, աջակողմյան քաղաքական փոդքասթներում պարզապես օգտագործվում է այն, ինչ ասում է Մոսկվան, բայց որպես սեփական տեսակետ։ Օրինակ, նրանք քննադատում են Բայդենին՝ Ուկրաինային օգնելու համար՝ մեկնաբանելով, թե այն շատ թանկ է նստում, իսկ մեր հարավային սահմաններին, ընդհակառակը, ուշադրություն չի դարձվում։ Մինչդեռ, ձախակողմյան ուղղվածության հեղինակների փոդքասթներում հակակայսերապաշտական պատումներ են, որ ԱՄՆ-ն, իբր, պատերազմ հրահրողն է, իսկ պատերազմը ՆԱՏՕ-ի ընդլայնման հետևանք է, և որ Միացյալ Նահանգները չարամտորեն է գործում ողջ աշխարհում»,- նշում է Շաֆերը։
Բրեթ Շաֆերի խոսքով, Շեխովցովի եզրակացությունը համապատասխանում է իրականությանը նաև ԱՄՆ պարագայում, ուր անցյալում Կրեմլին աջակցող մեկնաբանները դադարել են հանդես գալ հօգուտ Մոսկվայի՝ ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, սակայն Ռուսաստանը տակավին ձգտում է օգուտ քաղել նրանց ներկայացրածից։
«Կարելի է ասել, որ Պուտինին համակրող և նույնիսկ Ռուսաստանի հետ տարբեր կապեր ունեցող շատ մեկնաբաններ, նախկինում հանդես գալով ռուսական իշխանամետ լրատվամիջոցներում, ինչպիսիք են «RT»-ն և «Sputnik»-ը, այսօր խզել են այդ կապերը։ Դա մենք տեսնում ենք ավելի շատ ձախերի պարագայում, քանի որ նրանց համար հակապատերազմական հայացքները շատ կարևոր են։ Նրանցից ոմանք մեղմացրել են իրենց կոշտ դիրքորոշումը Արևմուտքի նկատմամբ և ավելի բացասական են տրամադրված Ռուսաստանի հանդեպ, բայց և այնպես անընդհատ նշում են, որ ԱՄՆ-ն «ավելի մեծ չարիք է»։ Նույնիսկ եթե այդ մարդիկ հնչեցնում են, որ այն, ինչ անում է Ռուսաստանը, սարսափելի է և աններելի, կարելի է նկատել, թե ինչպես է Կրեմլը ժամանակ առ ժամանակ առաջ մղում նրանց ասածները։ Այժմ Մոսկվան այնքան էլ շահագրգռված չէ որևէ մեկին ամբողջությամբ իր կողմը քաշել, չի փորձում հասնել նրան, որ ԱՄՆ-ում մարդկանց զգալի մասը որդեգրի կրեմլամետ դիրքորոշում։ Բնավ։ Կրեմլը պարզապես փորձում է նվազեցնել Արևմուտքում Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը»,- ասում է ավագ փորձագետը։
«Եթե ինչ-որ մեկն ասում է, թե սա մեր պատերազմը չէ, մենք պարզապես երկարաձգում ենք այն մեր գործողություններով, վստահություն չկա, որ կողմերից որևէ մեկը պայքարում է արդար գործի համար, մենք այլ առաջնահերթություններ ունենք, որոնց պետք է ուշադրություն դարձնել, մենք հսկայական միջոցներ ենք ծախսում պատերազմի վրա, մինչդեռ ունենք անօթևանների խնդիր, և նմանատիպ պնդումներ, Ռուսաստանին դա ձեռնտու է։ Եվ եթե այդ մարդկանցից ինչ-որ մեկը միաժամանակ նաև ասում է, թե «չեմ աջակցում Ռուսաստանին, և դեմ եմ այս պատերազմին», միևնույն է, նա կարող է օգտակար լինել ռուսական քարոզչության համար»,- նշում է Բրեթ Շաֆերը։
Նրա ներկայացմամբ, կրեմլյան քարոզչական պատումները բավականին ազատ են շրջանառվում փոդքասթների ոլորտում՝ բազմաթիվ պատճառներով։
«Փոդքասթների ոլորտը ավելի քիչ ուշադրության է արժանանում հետազոտողների կողմից, քանի որ այն շատ դժվար է հետևել։ Ոչ ոք ժամանակ չունի լսելու այդ աուդիոքննարկումները։ Շատ ավելի հեշտ է հետևել ավանդական, խոշոր լրատվամիջոցներին ու սոցցանցերին։ Մարդիկ անընդհատ դիտում են, օրինակ, «Fox News», իսկ սոցցանցերում տեքստային հաղորդագրությունների համար կան որոնման և տեսակավորման մեթոդներ։ Այս իմաստով, փոդքասթները հետազոտությունների համար դժվարամատչելի, բայց մեդիայի առումով շատ ազդեցիկ ոլորտ են։ Այդուհանդերձ, երբ փորձեցինք ուսումնասիրել այն, պարզվեց, որ բովանդակությունն ընդհանրապես չի մոդերացվում, և մեդիայի այդ ոլորտում, ըստ էության, արմատական տեսակետներն ավելի մեծ տեղ ունեն»,- եզրակացնում է Բրեթ Շաֆերը։