Աստանան խստորեն հետևելու է Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներին և չի պատրաստվում ուղիներ փնտրել՝ շրջանցելու սահմանափակումները՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո, նման հայտարարությամբ է հանդես եկել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
«Ղազախստանը միանշանակ հայտարարել է, որ հետևելու է պատժամիջոցների ռեժիմին։ Կապի մեջ ենք համապատասխան կազմակերպությունների հետ՝ պահպանելու պատժամիջոցների ռեժիմը, և կարծում եմ, որ Գերմանիան չպետք է որևէ մտավախություն ունենա պատժամիջոցների ռեժիմը շրջանցող հնարավոր գործողությունների վերաբերյալ»։
Որոշ փորձագետներ նկատում են՝ Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայից հետո, Ղազախստանը սկսել է հեռանալ Մոսկվայից։ Օրինակ, Աստանան չի ճանաչել Ուկրաինայի բռնագրավված տարածքները որպես Ռուսաստանի մաս։
Միաժամանակ, ղազախական ընկերությունների հասցեին բազմիցս են մեղադրանքներ հնչել՝ արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող տարաբնույթ ապրանքներ Ռուսաստան առաքելու համար։
Արձագանքելով Ղազախստանի նախագահի վերջին հայտարարություններին՝ սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ Մոսկվայի և Աստանայի հարաբերությունները, այնուամենայնիվ, կմնան անփոփոխ՝ նշելով, որ ռուս-ղազախական առևտրատնտեսական համագործակցությունը «մեծ օգուտներ է բերում երկու երկրներին»։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Բեռլինում նաև հայտարարել է, որ հանդես է գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա խաղաղ բանակցությունների օգտին։
«Պետք է դադարեցնել փոխադարձ մեղադրանքները և բանակցություններ սկսել՝ գտնելու տարբերակներ, որոնք կբավարարեն երկու կողմերին»,- նշել է Տոկաևը։
Քաղաքագետ Դմիտրի Օրեշկինի ներկայացմամբ, Տոկաևի հայտարարությունները վկայում են Մոսկվայի՝ որպես Եվրասիայում ուժի կենտրոնի, ազդեցության թուլացման մասին։ Օրեշկինը պնդում է՝ Պուտինի գործողությունների շնորհիվ այդ գործընթացը վերջին շրջանում նկատելիորեն արագացել է։
«Ռուսաստանը դադարում է գրավիչ բևեռ լինել շրջապատող պետությունների համար, որոնք ձևավորվել են Խորհրդային Միության փլուզումից հետո: Մեր աչքի առջև Մոսկվայից հետևողականորեն «պոկվում» են Վրաստանը, Մոլդովան, Հայաստանը, Ղազախստանը, էլ չենք խոսում Ուկրաինայի մասին: Խնդիրն այն է, որ Կրեմլը չունի փափուկ ուժ։ Առկա է միայն բիրտ ուժ, և այն էլ, ինչպես պարզվում է, լավ չի աշխատում»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշում է քաղաքագետը։
Օրեշկինը վստահ է՝ Ղազախստանը զգուշորեն, զուսպ, քայլ առ քայլ հեռանում է Ռուսաստանից և հետզհետե ավելի չեզոք դիրք է զբաղեցնում եռաբևեռ աշխարհում՝ Չինաստանի, Ռուսաստանի ու Արևմուտքի միջև․ «Գերմանիայում Տոկաևն ի ցույց դրեց իր հավատարմությունն արևմտյան աշխարհին, և այդ առումով նրա համար բացվում է բազմաբևեռ մի իրավիճակ, ուր աստիճանաբար քիչ տեղ է մնում Մոսկվային։ Հարց է առաջանում՝ ինչո՞վ է այսօրվա Ռուսաստանը գրավիչ Ղազախստանի համար։ Երկիրը կարող է տեխնոլոգիաներ ստանալ Արևմուտքից, ներդրումներ՝ Չինաստանից։ Ուստի, Պուտինը, որը բացի ուժային ռեսուրսից ոչինչ չի կարող առաջարկել, Տոկաևի համար պարզապես հետաքրքիր չէ։ Եվ երբ նրան անհրաժեշտ է ընտրություն կատարել Արևմուտքի ու Մոսկվայի միջև, նա ընտրում է Արևմուտքը»։
Ըստ քաղաքագետի, ի հայտ են գալիս Պուտինի՝ երկարաժամկետ ռազմավարական պարտության նախանշանները, և ներկայում Մոսկվան գործնականում որևէ լծակ չունի Աստանայի նկատմամբ ճնշում գործադրելու համար։
«Պուտինն, իհարկե, ավանդույթի համաձայն, կարող է էթնիկ հակամարտություններ հրահրել Ղազախստանում։ Բայց, ընդհանուր առմամբ, նման քաղաքականությունն ամենուր ձախողվում է։ Ուստի, Ռուսաստանի նախագահին մնում է միայն «սեղմել ատամները» և ձևացնել, թե առանձնապես ոչինչ տեղի չի ունենում։ Ի դեպ, ռուսաստանյան քարոզչական Z-հայրենասիրական հարթակներում արդեն իսկ հրապարակումներ են հայտնվում այն մասին, որ թշնամիների թիվն աճում է, Արևմուտքը գնել է նրանց և այլն։ Բայց եթե դու բոլորին քարկոծում ես և ուրիշ բան չես առաջարկում, ապա, բնականաբար, քո շուրջը միայն թշնամիներ կլինեն։ Դա օրինաչափ է»,- ամփոփում է Դմիտրի Օրեշկինը։
Իր հերթին՝ Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում փոխանցեց, թե Տոկաևի՝ Գերմանիայում հնչեցրած խոսքերն ամենևին էլ նորություն չեն․ Ղազախստանի նախագահը նախկինում ևս հանդես է եկել նման հայտարարությամբ։
«Մասնավորապես, ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա։ Սա կարևոր ձևակերպում է։ Այստեղ նկատի է առնվում [Ուկրաինայի] տարածքային ամբողջականության պահպանումը։ Այսինքն, հաշվի է առնվում այդ սկզբունքը։ Այնուհետև, Տոկաևն ասել է, որ Ղազախստանը խոստանում է հետևել Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցային ռեժիմին։ Նա այդ մասին նախկինում էլ է խոսել»,- ասում է Դուբնովը։
Այնպես որ, ըստ փորձագետի, Ղազախստանի ղեկավարի բեռլինյան ելույթում Մոսկվայից հեռանալու նոր տարրեր առանձնապես չեն ուրվագծվում. «Ընդհակառակը, նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ղազախստանը բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, սահմանային վեճեր չկան, երկրների միջև առկա է սահմանազատում։ Վերջերս Աստանայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի վարչապետների հանդիպումը, և այնտեղ քննարկվել են շատ կոնկրետ հարցեր՝ առաջին հերթին ռուս-ղազախական երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։ Փորձ է արվում շարունակել համագործակցությունը՝ առավել բարենպաստ տարբերակների հիման վրա՝ պատժամիջոցների ռեժիմը պահպանելու պայմանով։ Աստանան, բնականաբար, չի ցանկանում հայտնվել երկրորդային պատժամիջոցների ներքո»։
Պատժամիջոցների 11-րդ փաթեթի համաձայն, Եվրամիությունը ձգտում է կանխել երրորդ երկրների կողմից երկակի նշանակության ապրանքների վերաարտահանումը Ռուսաստան, բացի այդ՝ սահմանում է միջոցներ, որոնք ուղղված են առանձին ապրանքատեսակների արտահանման սահմանափակմանը դեպի այն պետություններ, որոնք չեն սատարում պատժամիջոցները։