Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներն ու Լեռնային Ղարաբաղը՝ բացատրական


Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղ
Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հարավային Կովկասի երեք հակամարտություններից մեկն է։ Երկար ժամանակ այն համարվում էր «սառեցված», և այլ հակամարտություններ նման ունի իր պատճառներն ու առանձնահատկությունները:

Մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղում ճգնաժամը սկսվեց Խորհրդային Միության փլուզումից երեք տարի առաջ։ Ի սկզբանե, միջազգային հանրությունն այն համարում էր ԽՍՀՄ ներքին գործը:

Սակայն 1991 թվականին, երբ Ադրբեջանն ու Հայաստանը հռչակեցին անկախություն (ԱՄՆ-ն միաժամանակ ճանաչեց երկու հանրապետությունները), զինված հակամարտությունը վերաճեց լայնամասշտաբ պատերազմի երկու պետությունների միջև։ Յուրաքանչյուր կողմը ներկայացրեց իր հիմնավորումները՝ հղում կատարելով ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի այլ ակտերում ամրագրված սկզբունքներին։ Մասնավորապես, հայերը հայտարարեցին, որ իրականացնում են ազգային ինքնորոշման իրավունքը, իսկ ադրբեջանցիները՝ պաշտպանում են պետական սահմանների անձեռնմխելիության սկզբունքը։

Զինված հակամարտությունը արագորեն տարածվեց Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս՝ տասնյակ հազարավոր զոհերի, միլիոնավոր փախստականների և տեղահանվածների, հսկայական ավերածությունների ու տնտեսական կորուստների պատճառ դառնալով։

1992 թվականին «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարեց. «Այս ողբերգական հակամարտության երկու կողմերն էլ համակարգված կերպով խախտել են միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական նորմերը։ Նրանք ներգրավված են եղել էին լայնածավալ պատանդառության մեջ, իրականացրել են պատանդների խոշտանգում, դիտավորյալ թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, ահաբեկել նրանց կամ կատարել այլ բռնություններ նրանց նկատմամբ, դիտավորյալ կրակել են քաղաքացիական օբյեկտների վրա, գյուղերից վտարել խաղաղ բնակիչներին և խոչընդոտել վիրավորներին փրկելու փորձերը»։

Միացյալ Նահանգներն ու Լեռնային Ղարաբաղը՝ բացատրական
please wait

No media source currently available

0:00 0:05:07 0:00

Պաշտոնապես Հայաստանը չի մասնակցել ռազմական գործողություններին և չի համարվում հակամարտող կողմ, թեև հայտնի էր, որ նրա զորքերը գտնվում են Լեռնային Ղարաբաղում, իսկ չճանաչված հանրապետության տնտեսությունը գոյատևում է միայն հայաստանյան օգնության շնորհիվ։ Մյուս կողմից, միջազգային բոլոր խաղացողներն էլ ի սկզբանե ընդունում էին, որ Ադրբեջանը իր տարածքում պայքարում է լավ զինված անջատողականների դեմ, որոնց օժանդակում է հարևան պետությունը:

Միջազգային կազմակերպությունները (օրինակ՝ ՄԱԿ) և ԱՄՆ-ն ի սկզբանե կոչ են արել անհապաղ հրադադար հաստատել և գնալ դիվանագիտական լուծման: Հարևան պետությունների՝ Թուրքիայի ու Իրանի փորձերը հանդես գալ որպես միջնորդներ ապարդյուն էին։

Ղարաբաղյան հակամարտությունն է պատճառը, որ հարևաններ Ադրբեջանն ու Հայաստանը, որոնց տարածքներից, համապատասխանաբար, փախել կամ վտարվել են այնտեղ ապրող գրեթե բոլոր հայերն ու ադրբեջանցիները, միմյանց հետ չհաստատեցին դիվանագիտական հարաբերություններ։ Ադրբեջանն ու իր ամենից մոտ դաշնակից Թուրքիան չեն ճանաչում 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության փաստը։ Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի ունեցած արյունալի բախումները բազմաթիվ են։


Ամերիկյան գործոն

Միացյալ Նահանգներն ավանդաբար Հարավային Կովկասը չի համարել իր արտաքին քաղաքական առաջնահերթություն և տևական ժամանակ մտադիր չէր լուրջ ռեսուրսներ հատկացնել տարածաշրջանի խնդիրների լուծմանը։ ԱՄՆ նախագահները երբեք չեն այցելել Բաքու և Երևան, թեև Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները բազմիցս են հյուրընկալվել Վաշինգտոնում։

Միացյալ Նահանգներում առկա է մեծ, լավ կազմակերպված և քաղաքականապես ակտիվ հայկական համայնք, որն ունի ներկայացուցիչներ պետական տարբեր մակարդակներում:

1992 թվականին Վաշինգտոնը կասեցրեց Ադրբեջանին ամերիկյան օգնության հատկացումը՝ Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ դաժանությունների պատճառով։ 2001 թվականին արգելքը հանվեց, բայց ԱՄՆ Կոնգրեսը պայման դրեց, որ այդ օգնությունը չպետք է օգտագործվի հայերի դեմ պատերազմ մղելու համար։

1995 թվականին ԱՄՆ Կոնգրեսում ձևավորվեց Հայկական խումբը, որը, օրինակ, 2020 թվականին ԱՄՆ վարչակազմին կոչ արեց ճանաչել Արցախի անկախությունը (ինչպես կոչվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանում և չճանաչված հանրապետության տարածքում)։ Մինչ այդ, Հայկական խմբի նպատակն էր ամերիկյան մարդասիրական օգնության ուղղակի տրամադրումը Լեռնային Ղարաբաղին, չնայած Պետքարտուղարությունը հիմնականում խուսափում է նման գործելաոճից։ 2019 թվականին Կոնգրեսի երկու պալատները և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեցին Հայոց ցեղասպանության փաստը։

1997 թվականին Վաշինգտոնում բացվեց չճանաչված Արցախի Հանրապետության ներկայացուցչությունը, որն ակտիվ լոբբիստական գործունեություն էր ծավալում։ Սակայն Ղարաբաղի հարցում իրենց դիրքորոշումը պաշտպանելու հայերի ջանքերը լուրջ խոչընդոտների էին բախվում Հայաստանում ստեղծված իրավիճակի պատճառով։ Թեև ի տարբերություն Ադրբեջանի, որը տասնամյակներ ղեկավարվում է Ալիևների ընտանիքի կողմից, Հայաստանը պահպանում է ժողովրդավարական ազատությունները, այն, սակայն, կորցրել է իր սկզբնական առավելություններից շատերը նախորդ երեք տասնամյակների ընթացքում: Երևանը հենվեց Ռուսաստանի հետ ռազմական, քաղաքական և տնտեսական դաշինքի վրա՝ ռուսական ռազմակայաններ տեղակայելով իր տարածքում, իսկ Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերություններն այդ ընթացքում վատթարացան: Նաև՝ ի տարբերություն մյուս հարևանի՝ Վրաստանի, Հայաստանը երբեք նպատակ չի դրել անդամակցել ՆԱՏՕ-ին։

Հայաստանի բնակչությունը 1990-ական թվականների սկզբի համեմատ նվազել է մեկ քառորդով, մինչդեռ Ադրբեջանի բնակչությունն աճել է մեկ երրորդով, և այժմ զգալիորեն գերազանցում է Հայաստանի բնակչությանը։ Հայաստանի տնտեսությունը հետ է մնում ադրբեջանական տնտեսությունից այն պատճառով, որ Բաքուն դարձել է համաշխարհային շուկաներ նավթի և գազի խոշոր մատակարարներից մեկը։ Արդյունքում, նախորդ տարիներին Ադրբեջանի ռազմական բյուջեն մոտավորապես հավասարվել է Հայաստանի ողջ պետբյուջեին։

ԱՄՆ-ում հարյուրավոր անգամ քիչ ադրբեջանցիներ են ապրում, քան հայեր։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի տնտեսական և քաղաքական կշիռը, որը վայելում է մի շարք ազդեցիկ թյուրքական, իսլամական պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությունը, ինչպես նաև Իսրայելի և ամերիկյան էներգետիկ ընկերությունների հետ լավ հարաբերությունները, նպաստում են Բաքվի հաջողությանը ԱՄՆ-ում: 2004 թվականին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը ստեղծվեց Ադրբեջանական խումբը։


ԵԱՀԿ Մինսկի խումբը

1992 թվականի ավարտին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնոըւթյան եկան, որ ղարաբաղյան հակամարտության հետ կապված հիմնական խաղաղապահ առաքելությունը պետք է իր վրա վերցնի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը՝ ԵԱՀԿ-ն, որն էլ ստացավ լիազորություններ։

Հակամարտության կարգավորման հիմնական քաղաքական ջանքերը վստահվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբին (համապատասխան հանդիպումը պետք է կայանար Մինսկում, սակայն չկայացավ)։ Խմբում Ադրբեջանից և Հայաստանից, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներից» զատ, ընդգրկվեցին ԱՄՆ, Ռուսաստանի, Ֆրանսիայի ու եվրոպական վեց այլ երկրների ներկայացուցիչներ:

Ի սկզբանե, խումբը բախվեց լուրջ խնդիրների։ Ադրբեջանը կտրականապես դեմ էր խմբի աշխատանքներին Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությանը, քանի որ նրանց չէր համարում այն տարածաշրջանի օրինական ներկայացուցիչներ, ուր ադրբեջանական բնակչությունը սպանվել էր կամ վտարվել հայկական զորքերի կողմից։ 1992 թվականի սկզբին հայկական զինված ուժերը՝ ռուսական զորքերի աջակցությամբ, գրավեցին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանաբնակ Խոջալու քաղաքը, ինչի հետևանքով զոհվեցին հարյուրավոր խաղաղ բնակիչներ։ Ի հավելումն, անհամատեղելի էին Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները փոխզիջումային բանաձևերի վերաբերյալ։

Խաղաղ գործընթացն արդյունք չտվեց, և 1993 թվականին հայկական զորքերը գրավեցին Ադրբեջանի մի շարք տարածքներ, որոնք երբեք չեն եղել Լեռնային Ղարաբաղի կազմում և չունեին զգալի հայկական բնակչություն։ Հայտարարվեց, թե նպատակը Ղարաբաղի շուրջ բուֆերային գոտի ստեղծելն է և հավելյալ սակարկությունների առարկա ձեռք բերելը Բաքվի հետ խաղաղ բանակցություններում։

Հայաստանի այս գործողությունները արժանացան միջազգային հանրության դատապարտմանը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց մի շարք բանաձևեր, որոնք դատապարտում էին այդ գործողությունները՝ կոչ անելով բոլոր օկուպացիոն ուժերին լքել Ադրբեջանի տարածքը։

1994 թվականին Բուդապեշտի գագաթնաժողովում Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովը դարձավ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ) և վերահաստատեց Մինսկի խմբի իրավասությունները՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահությամբ:

1995 թվականին Մինսկի խումբն իր համար սահմանեց երեք հիմնական նպատակ՝ բանակցային գործընթացի համար ստեղծել անհրաժեշտ շրջանակ, ձեռք բերել բոլոր պատերազմող կողմերի համաձայնությունը՝ զինված հակամարտությունը դադարեցնելու համար, աջակցել խաղաղության գործընթին, ներառյալ՝ միջազգային խաղաղապահների միջոցով։

Հետագա տասնամյակներում ԱՄՆ-ն պաշտոնապես ներգրավվեց այս ճգնաժամի մեջ՝ հիմնականում Մինսկի խմբի շրջանակներում, որի աշխատանքը, սակայն, չհանգեցրեց լուրջ փոփոխությունների։

2001 թվականի ապրիլին Վաշինգտոնի հրավերով Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Հեյդար Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանը ժամանեցին Ֆլորիդա նահանգի Քի Ուեսթ բնակավայր։ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան ներկայացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երկու ղեկավարների միջև տեղի ունեցան բանակցություններ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ։

Արդեն 2002 թվականին և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը դժգոհում էին խմբի միջնորդական ջանքերից։

2007 թվականին Մինսկի խումբը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման վեց հիմնական սկզբունքները (այսպես կոչված՝ «Մադրիդյան սկզբունքներ»)՝ Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ՝ բնակչության անվտանգությունն ու ինքնակառավարումն ապահովելու համար, Հայաստանը և Ղարաբաղը կապող միջանցքի անվտանգության ապահովում, տարածաշրջանի վերջնական կարգավիճակի որոշում՝ ազատ կամարտահայտման միջոցով, տեղահանվածների և փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքի իրագործում, անվտանգության միջազգային երաշխիքներ՝ միջազգային խաղաղապահների տեղակյաման միջոցով։

2008 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև՝ ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության։ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահները դեմ քվեարկեցին դրան։

Մինսկի խմբի, թերևս, ամենաուշագրավ ձեռքբերումը Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ուղիղ բանակցություններն էին 2015-2017 թվականներին։ Կողմերը պայմանավորվեցին ակտիվացնել բանակցային գործընթացը, սակայն որևէ լուրջ արդյունքներ չգրանցվեցին։

Հատկանշական է, օրինակ, Եվրամիությունը չմիացավ ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Որոշ հետազոտողներ կարծում են, գլխավոր պատճառը դաշինքի դժկամությունն էր վատնել ռեսուրսներ ու հեղինակություն՝ քաղաքականապես ռիսկային գործով զբաղվելու համար, քանզի հաջողության հասնելը քիչ հավանական էր համարվում:

Մինսկի խմբից դուրս ԱՄՆ-ն մասնակցություն է ունեցել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ քննարկումներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, երկար ժամանակ օգնություն է ցուցաբերել տարածաշրջանում ռազմական գործողություններից տուժածներին։


Վերջաբան

2020 թվականին ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքով Ադրբեջանը լիովին վերականգնեց վերահսկողությունը շրջանի նկատմամբ։ ԱՄՆ նախագահն անձամբ մասնակցեց մարտերը դադարեցնելու փորձին՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հետ միասին, սակայն ջանքերն անհաջող էին, և Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը կարճ ժամանակ անց խախտվեց։

Ռազմական հաղթանակից հետո Ադրբեջանը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անհրաժեշտությունը վերացել է։ Հիշեցնենք, նախկինում Բաքուն բազմիցս հայտարարել էր, որ դիվանագիտական լուծման բացակայության պարագայում իրեն իրավունք է վերապահում դիմել ուժի։

Միացյալ Նահանգները ավելի քան 24 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն են տրամադրել Լեռնային Ղարաբաղին։

Ադրբեջանում ավանդաբար կարծում էին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը, բավականին հայամետ դիրքորոշումներ ունեն, թեև այդ միջնորդ երեք տերությունների հարաբերությունները նկատելիորեն վատացել էին, ուստի՝ նվազել էր որևէ լուրջ արդյունք գրանցելու հնարավորությունը։

2023 թվականի մայիսին Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվեցին ճանաչել երկու պետությունների սահմանները՝ խորհրդային վարչական սահմանների հիման վրա։

2022 թվականի վերջին ադրբեջանցի ակտիվիստները Ադրբեջանի իշխանությունների լուռ աջակցությամբ փակեցին Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ փաստացի շրջափակելով շրջանը։

Ադրբեջանը հայտարարեց, թե իր տարածքից հանքանյութերի ապօրինի արտահանում է իրականացվում Հայաստան, իսկ Հայաստանից՝ զենք է ներկրվում։ Երևանի ներկայացմամբ, Լաչինի միջանցքի արգելափակումը շրջանի հայ բնակչությանը հասցրել է սովի շեմին։ ԱՄՆ-ն կողմերին կոչ արեց ապահովել մարդկանց ազատ տեղաշարժը և առևտուրը, վերսկսել խաղաղ բանակցությունները, զերծ մնալ ռազմական գործողություններից, ինչպես նաև օգնություն առաջարկեց ուղիղ բանակցություններ կազմակերպելու հարցում։

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողության» մեկնարկի մասին, որի նպատակն էր «հայկական զինված ուժերի զինաթափումն ու դուրսբերումը [ադրբեջանական] տարածքներից»։ Վաշինգտոնը կոչ արեց անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ ապահովելով խաղաղ բնակչության անվտանգությունը և երաշխիքներ տրամադրել մարդասիրական կազմակերպությունների աշխատանքի համար։

Ադրբեջանական հարձակումից երկու օր անց ԼՂ բանակը համաձայնեց վայր դնել զենքերը։

XS
SM
MD
LG