Մատչելի հղումներ

Կասկածելի է՝ Էրդողանի պնդում է, որ Թուրքիայում դատական համակարգն անկախ է


Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ելույթ է ունենում Անկարայի խորհրդարանում
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ելույթ է ունենում Անկարայի խորհրդարանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս սեպտեմբերի 18-ին հարցազրույց տվեց ամերիկյան «PBS» հեռուստաընկերությանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթից առաջ։

Էրդողանի կառավարման ավելի քան երկու տասնամյակի հետևանքով Թուրքիան համալրել է այն երկրների շարքը, ուր լրագրողներն ու իրավապաշտպանները հաճախ հայտնվում են ճաղերի հետևում։

Հարցազրույցը վարող Ամնա Նավազն ուղիղ դիմեց Թուրքիայի նախագահին՝ արդյո՞ք այդ մարդիկ սպառնում են իրեն։

Էրդողանի արձագանքը ջղագրգիռ էր․ հարցով պատասխանեց, թե ինչու է Նավազը հետաքրքրվում այդ թեմայով, քանզի Թուրքիայում դատարաններն անկախ են։

«Թուրքիան իրավական պետություն է։ Նման որոշումներ կարող են կայացնել միայն դատարանները։ Եվ եթե դատարանն որոշել է այդպես վարվել, ուրեմն դատարանի վճիռները պետք է հարգվեն ու կատարվեն»։

Երբ լրագրողը որոշեց լրացուցիչ հարցեր ուղղել Էրդողանին՝ Թուրքիայում ընդդիմախոսներին քրեական հետապնդման ենթարկելու վերաբերյալ, նա դարձավ էլ ավելի ջղագրգիռ։

«Մի՛ ընդհատեք։ Իրավունք չունեք ընդհատել ինձ։ Ինձ չպետք է ընդհատեք, և հարգեք ինձ։ Դուք պետք է նաև հարգեք դատական իշխանության որոշումը»։

«Ամերիկյան դատական համակարգը լիարժեք դատական համակարգ է։ Այդպիսին է նաև Թուրքիայի դատական համակարգը։ Եվ դուք պետք է հարգեք այն։ Մենք իրավական պետություն ենք, և ապրել ենք իրավական պետությունում ու շարունակելու ենք ապրել»։

Այդ պնդումը մոլորեցնող է։ Չնայած դատական իշխանության անկախության մասին պնդումներին՝ Էրդողանն օգտագործել է երկրի դատական իշխանությանը՝ այլախոհների դեմ պայքարելու համար։

2016 թվականի հուլիսի 15-ին ձախողված պետական հեղաշրջումից հետո, թուրքական իշխանությունները սկսեցին ազատվել պետական ծառայությունում, ռազմական և ակադեմիական շրջանակներում գտնվող Ֆեթուլլահ Գյուլենի աջակիցներից՝ աշխատանքից ազատելով նրանց։ 2016 թվականի պետական հեղաշրջման համար Էրդողանը տակավին մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող վտարանդի հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին։ Վերջինս հերքում է իր առնչությունը դավադրությանը։

2022 թվականի հուլիսին Թուրքիայի այն ժամանակվա ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուսը հայտարարեց, թե հեղաշրջման փորձից հետո իշխանությունները բերման են ենթարկել 332 884 անձի, ձերբակալել 101 000 մարդու՝ Գյուլենի գլխավորած շարժման հետ ենթադրյալ առնչության համար։ Վտարանդի գործչի ղեկավարած կառույցը Թուրքիայում համարվում է ահաբեկչական։

Էրդողանը հեղաշրջման փորձն անվանեց «Աստծո պարգև», որը թույլ տվեց «մաքրել թուրքական բանակը»։

Սակայն քննադատների խոսքով, տեղի ունեցածը նրա համար պատրվակ էր՝ մաքերլու դատական համակարգը այլախոհներից․ թուրքական իշխանությունները հազարավոր դատավորների ու դատախազների են բանտարկել կամ ազատել պաշտոններից։

Ըստ Բելգիայում գործող «Ձերբակալված փաստաբանների նախաձեռնություն» («Arrested Lawyers Initiative») կազմակերպության, որի գործը Թուրքիայում իրավապաշտպանների ու փաստաբանների իրավունքների պաշտպանությունն է, «թուրքական դատական իշխանության անկախության ուղղությամբ տարիներ շարունակվող հարձակման հետևանքով» Էրդողանը համակարգի նկատմամբ հասել է «բացարձակ վերահսկողության»։

2020 թվականի մայիսին հրապարակված «Reuters»-ի հետաքննության համաձայն, թուրքական իշխանությունները «մաքրազտել են Թուրքիայի դատական համակարգը», չնայած այն հանգամանքին, որ դատարաններում քննվող գործերի թիվը «կտրուկ աճել է»։

«Reuters»-ը պարզել է, որ զտումներից հետո իրենց գործին մնացած Թուրքիայի մոտ 21 հազար դատավորների և դատախազների 45%-ի աշխատանքային փորձը կազմել է առավելագույնը երեք տարի։ Հենց այդ «հավատարիմ ու անփորձ» դատավորներին է հանձնարարվել հաղթահարել «հեղաշրջման հետ կապված քրեական գործերի ծավալների կտրուկ աճը»։

Թուրքիայում գործող փաստաբանները պատմել են «Reuters»-ին, որ դատավարությունների ընթացքում դատավորներին փոխելու հետզհետե տարածում գտնող գործելակերպը՝ դատարանների նկատմամբ կառավարության վերահսկողությունն իրականացնելու միջոց է դարձել։

Հատկանշական է, որ «ահաբեկչության» գործերով անցնող անձանց փաստաբանները նույնպես ենթարկվել են քրեական հետապնդման։

Մարդու իրավունքների վերաբերյալ 2022 թվականի իր տարեկան զեկույցում ԱՄՆ պետքարտուղարությունը, վկայակոչելով իրավապաշտպան կազմակերպություններին, հայտնել է, որ 2022 թվականի նոյեմբերի դրությամբ Թուրքիայի իշխանությունները «2016 թվականի հեղաշրջման փորձից հետո, պատասխանատվության են ենթարկել ավելի քան 1 600 փաստաբանների, ձերբակալել 615-ին և 551-ին դատապարտել են երկարաժամկետ ազատազրկման՝ ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով»։

Իշխանությունները ահաբեկչությանն աջակցելու մեղադրանք են ներկայացնում, այդ թվում՝ խորհրդարանի անդամներին միայն այն բանի համար, որ այդ մարդիկ սոցիալական ցանցերում կիսվել են լրատվական նյութերով, ուր խոսք կա Քուրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ խաղաղ բանակցությունների կարևորության մասին։ Այդ կուսակցությունն, ինչպես հայտնի է, արգելված է Թուրքիայում։

Բելգիայում գործող «Թուրքիայի տրիբունալ» (Turkey Tribunal) հասարակական կազմակերպությունը, որը նպատակն է քննել Թուրքիայում մարդու իրավունքների խախտման դեպքերը, հայտնել է, որ թուրքական դատարանները չեն կարողացել պաշտպանել մարդկանց հիմնարար իրավունքները՝ «քաղաքացիներին թողնելով գործադիր իշխանության քմահաճույքին»։

2020 թվականի փետրվարին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ արեց Թուրքիային վերականգնել դատական իշխանության անկախությունը՝ հայտարարելով, որ երկրում օրենքի գերակայությունը լրջորեն վտանգված է։

Միյատովիչը ընդգծել էր, որ թուրքական իշխանությունները պետք է չեղարկեն պետական հեղաշրջումից հետո հայտարարված արտակարգ դրության ներքո սահմանված միջոցները, որոնք «կործանարար հետևանքներ են ունեցել դատական մարմինների անկախության ու անկողմնակալության համար և սպառնում են Թուրքիայում օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքներին»։

Միյատովիչը նաև մտահոգություն էր հայտնել, որ Թուրքիայի դատական համակարգը «աննախադեպ կարգի արհամարհանք է ցուցաբերել իրավունքի նույնիսկ ամենահիմնարար սկզբունքների նկատմամբ», մասնավորապես՝ ահաբեկչությանն առնչվող գործերում։

«PBS»-ի հարցազրույցի ժամանակ Նավազը հարցրեց Էրդողանին ակտիվիստ և բարերար Օսման Քավալայի քրեական հետապնդման մասին, որը 2022 թվականի հուլիսին ցմահ ազատազրկման էր դատապարտվել՝ հակակառավարական ցույցերը ֆինանսավորելու մեղադրանքով։

Ըստ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության, թուրքական դատախազությունը «մի քանի անգամ չեն կարողացել ապացույցներ ներկայացնել», որոնք կհաստատեին «անհիմն մեղադրանքները», ըստ որոնց Քավալան, ով տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել քաղաքացիական հասարակության նախագծերում, «փորձել է տապալել կառավարությունը»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ)՝ Եվրոպայի բարձրագույն դատական ատյանը, եզրակացրել է, որ «ձերբակալությունը և նախնական կալանքը տեղի են ունեցել [Քավալայի] հանցագործությունը հաստատող ապացույցների բացակայության պայմաններում»։

Ըստ ՄԻԵԴ-ի, Թուրքիան, փաստորեն, քրեական հետապնդում է իրականացրել Օսման Քավալայի նկատմամբ՝ նպատակ ունենալով «լռեցնել նրան որպես մարդու իրավունքների պաշտպան»։

Եվրոպական դատարանը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Քավալային՝ վկայակոչելով նրա նկատմամբ իրականացված քրեական հետապնդման ընթացքում տեղի գտած խախտումները։

Թեև Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետություն է և պարտավոր էր կատարել դատարանի որոշումը, թուրքական իշխանությունները հրաժարվեցին ազատ արձակել Քավալային։

2022 թվականի հուլիսին դատարանն իր վճռին չհետևելու պատճառով՝ ատյանի 63-ամյա պատմության ընթացքում երկրորդ անգամ գործ հարուցեց Թուրքիայի դեմ։

Նյու Յորքում գործող «Թուրքիայի մարդու իրավունքների դատավարությունների աջակցության նախագիծ» («Turkey Human Rights Litigation Project») հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հելեն Դաֆիի խոսքով, ՄԻԵԴ-ի նման քայլը՝ «Թուրքիայում օրենքի գերակայության հետզհետե խորացող ճգնաժամի ճանաչումն է»։

Վաշինգտոնում տեղակայված «Արդարադատության համաշխարհային նախագիծ» («The World Justice Project») միջազգային հասարակական կազմակերպությունը, որը ձգտում է «խթանել օրենքի գերակայությունն ողջ աշխարհում», 2022 թվականի «Օրենքի գերակայության ինդեքսում» 140 երկրների շարքում Թուրքիան դասել է 116-րդ հորիզոնականում։

XS
SM
MD
LG